ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իրականացրած վերլուծության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, թունաքիմիկատներից թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ:
Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 23%-ը, արձանագրվել է ծնողի անուշադրության, 20.7%-ը՝ բնակչի անփութության և 18.4%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով:
Միաժամանակ, դեպքերի 57.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 42.5%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 65.5%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 34.5%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
• թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ).
• լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին.
• չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում.
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում` վրան փակցնելով նախազգուշացնող պիտակներ.
• պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում.
• թունաքիմիկատը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս։