Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը հիմնադրվել է 1832 թվականին և արդեն 190 տարեկան է: Սկզբում գործել է որպես գավառական դպրոց, հետո՝ պրոգիմնազիա և գիմնազիա:
1843-ից մինչև 1848 թվականը, այսինքն՝ մինչև իր առեղծվածային անհետացումը, դպրոցը ղեկավարել ու որպես ուսուցիչ է աշխատել Խաչատուր Աբովյանը:
Նարինե Նազարյան (Խաչատուր Աբովյանի անվան համար 2 դպրոցի տնօրեն) - Իր ղեկավարման տարիներին դպրոցը ծաղկունք է ապրել, 90 աշակերտից դարձել 190: Աբովյանը մանկավարժության մեջ առհասարակ լուրջ ներդրում ունի: Մեթոդների, դասավանդման մոտեցումների մեջ, վերաբերմունքի մեջ շատ կարևոր հեղաշրջում է արել՝ կարելի է ասել: Տերթոդիկյան մեթոդներից եկել ենք արդեն ժամանակակից մոտեցում, որտեղ երեխայի անձը շատ կարևորվել է:
1925 թվականին Երևանի համար 2 դպրոցը անվանակոչվել է Խաչատուր Աբովյանի պատվին:
Նարինե Նազարյան - Դպրոցը հարուստ պատմություն ունի, իր անցած ճանապարհը փշոտ է եղել, տեղափոխվել է տեղից տեղ, իսկ, ա՛յ, արդեն 40-ականներին՝ 1946-48-ին, տեղավորվել ենք Իսահակյան 30 հասցեում:
Տարբեր ժամանակներում այս դպրոցում դասավանդել են Հովհաննես Հովհաննիսյանը, Վրթանես Փափազյանը, Վահան Թոթովենցը և ուրիշներ:
Սոնա Հովհաննիսյան - Ես հպարտ եմ, որ Երևանի ամենահին դպրոցում եմ սովորում, բայց նաև՝ ամենալավ:
Դավիթ Բարսեղյան - Դեռ բողոք չունեմ, ինձ դուր է գալիս դպրոցը: Այստեղ, այսպես ասած, հիմք են դնում, որպեսզի հետագայում դու կարողանաս քո ապագա աշխատանքում մեծ հաջողությունների հասնես:
Արմինե Սիմոնյան (տարրական դպրոցի ուսուցչուհի) - Սերունդը փոխվում է, և սերնդի հետ միասին պիտի կարողանանք նրանց հետ քայլել, և ես կարծում եմ՝ այսօր էլ ուսուցիչն այն մարդն է, ով ամեն օր աշխատում է իր վրա, փորձում է տեղեկացված լինել, որպեսզի կարողանա այսօրվա երեխայի հետ աշխատել:
Չեմ ուզում, որ ինչպես ասեմ, կարծիքս էնպես հնչի, բայց, կարծում եմ՝ ապագայում տեսնում եմ մեր դպրոցը, որովհետև պրպտող ուսուցիչներ են, ամենուր նորություններ են փնտրում, երբեք մեր դպրոցում ուսուցիչը չի գոհանում ամենօրյա դասից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան