ՌԴ-Ն ՉԻ ՇԱՀԱՐԿԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի, երբ կյանքի կոչվեն դրա բոլոր նպատակները՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին։ Լավրովի խոսքով՝ դրանք ձգձգվում են Կիևի ոչ հետևողական դիրքորոշման և Վաշինգտոնի ցուցումները կատարելու պատճառով։
«Եթե նրանք ազնիվ բանակցողներ լինեին, հավատարիմ մնային ձեռք բերված պայմանավորվածություններին, մենք կարող էինք զգալի առաջընթաց գրանցել»,- հավելել է դիվանագետը։
Նախարարը հայտնել է, որ Մոսկվան չի համարում, թե պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն դաշինքը, կարծես, այդպես չի մտածում։ Նա ընդգծել է նաև, որ ռուսական կողմը երբեք չի շահարկել միջուկային պատերազմի թեման։
«Արևմուտքը ոչինչ չգիտի Մոսկվայի արտաքին քաղաքականության մասին և սխալվում է՝ կարծելով, թե պատժամիջոցները կստիպեն մեզ ներողություն խնդրել։ Այնուհանդերձ, եթե մարդիկ հասկանան, որ չարաչար սխալվել են, մենք կփորձենք վերսկսել հարաբերությունները»,- վստահեցրել է դիվանագետը։
Լավրովը համոզմունք է հայտնել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները կրկին կապրեն խաղաղության և բարեկամության մթնոլորտում։
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՈՒ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՄԻՋԵՎ
Ուկրաինայում լարվածության ֆոնին Մոլդովայի և Մերձդնեստրի դիրքորոշումներում տարաձայնությունները նվազել են՝ հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման բյուրոյի փոխտնօրենը։
«Քիշնևի և Տիրասպոլի երկխոսությունն ավելի կառուցողական է դարձել, չեմ կարող ասել, թե այն ավելի դրական է, բայց հնարավորություն է տալիս խուսափելու ռիսկերից»,- ընդգծել է Նիկոլայ Ցվյատկովը։
Նա նշել է, որ չարժի թերագնահատել տարածաշրջանում ուկրաինական որոշ ուժերի շահերը և կարողությունը՝ ազդելու ստեղծված իրավիճակի վրա։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին և 26-ին, Մերձդնեստրում ահաբեկչական երեք հարձակում էր տեղի ունեցել։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին տեղի ունեցածի համար մեղադրել է Ուկրաինային։
Ապրիլի 29-ին նա Մոլդովայի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանը քննարկել է անվտանգային մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար և տնտեսական գործակցության հնարավորությանը։ 2020 թվականին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ընտրվելուց հետո սա Քիշնևի և Տիրասպոլի միջև նման մակարդակով առաջին հանդիպումն էր։
ՌԴ-ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է
Ռազմավարական կայունության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը ֆորմալ «սառեցվել» է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում։
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը հնարավոր կլինի վերադառնալ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նպատակների իրագործումից հետո:
Երմակովի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին օգտագործում է Ռուսաստանի նկատմամբ իր նպատակներին հասնելու համար:
«Իսկ ամերիկյան միջին և փոքր հեռահարության հրթիռների հայտնվելը Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ավելի կբորբոքի իրավիճակը»,- շեշտել է պաշտոնյան։
Նա հավելել է՝ Մոսկվան գիտակցում է միջուկային պատերազմի անհնարինությունը։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՌՈՒԲԼԻՈՎ ՉԻ ՎՃԱՐԻ
Գերմանիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի՝ չնայած Մոսկվայի պահանջին՝ նման համոզմունք է հայտնել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
«Մենք անում ենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ անկախանալու ռուսական էներգառեսուրսներց»,- հավելել է նա։
Ապրիլի 26-ին «Գազպրոմից» տեղեկացրել են, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։ Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվել է նաև Չեխիան։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է՝ իր երկիրը Լեհաստանի հետ կվերսկսի գազատարի կառուցման նախագծի շուրջ քննարկումները։
Հունաստանը, Մոլդովան և Հունգարիան էլ հայտարարել են, որ դեռ չեն կարող հրաժարվել ռուսական գազից և կշարունակեն վճարումներ կատարել՝ Մոսկվայի սահմանած ռեժիմին համապատասխան։
ԿՈՂՄԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեք «Բայրաքթար»։ Խոցվել են ռազմական 4 օբյեկտ, հրթիռահրետանային զենք-զինամթերքի 15 պահեստ: Գերատեսչության փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը ունի նաև զինուժի կորուստներ:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է ՌԴ ԶՈՒ-ի կորուստների մասին։ Ըստ Կիևի՝ մեկ օրում ոչնչացվել է շուրջ 200 ռուս զինծառայող, խոցվել 50-ից ավելի ռազմատեխնիկա։
Ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր երկրի տարածքը լքել է շուրջ 5,5 մլն մարդ, ներքին տեղահանվածների թիվը հասել է 7.7 միլիոնի։