ՆԱՏՕ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ն անում է հնարավորը՝ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով խանգարելու Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտին։ Այդ մասին «Սինհուա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են Ռուսաստանի դեմ պայքարել մինչև վերջին ուկրաինացին, նրանց չի հետաքրքրում Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի ճակատագիրը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին, եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։
Լավրովն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին, հայտնել՝ դրանք անցկացվում են ամեն օր՝ տեսակապի միջոցով։
Սերգեյ Լավրով - Մենք հանդես ենք գալիս բանակցությունների շարունակման օգտին, թեև դրանք դժվար են ընթանում: Խանգարող գործոն է, օրինակ՝ Արևմուտքի ռազմատենչ հռետորաբանությունը։ Համոզված եմ՝ պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Կիևը սկսի առաջնորդվել Ուկրաինայի ժողովրդի շահերով։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կնպաստի ռազմաքաղաքական լարվածության թուլացմանը։ Հնարավոր տարբերակներից մեկը, նրա կարծիքով, կարող է դառնալ երաշխավոր պետությունների ինստիտուտի ձևավորումը, որում ներգրավված կլինեն, առաջին հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը։
ԿԻԵՎԸ ՄՏԱԴԻՐ Է ԳԱԶԻ ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Կիևին անվտանգության երաշխիքներ են հարկավոր, դրանք տրամադրող երկրները պետք է հնարավորինս շուտ զինվորականներ ուղարկեն Ուկրաինա՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հայտնել է նաև, որ Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։ Զելենսկու խոսքով՝ արդեն նման բանակցություններ են վարում են մի շարք երկրների նախարարությունների և համապատասխան ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Կիևը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառելու ցածր գներով, սակայն երկիրը հիմա տեխնիկապես պատրաստ չէ այդպիսի մատակարարումներ իրականացնելու։ Պատշաճ նախապատրաստական աշխատանքները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Եվրոպային էլեկտրաէներգիա վաճառելով կարող ենք փոխհատուցել բյուջեի պակասուրդը․ այն ամսական կազմում է մոտ 5-7 մլրդ եվրո։
Զելենսկին հայտնել է նաև, որ Կիևում արդեն գործում է օտարերկրյա դիվանագիտական 27 ներկայացուցչություն։
ԿԻԵՎԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍՊԱՌՆԱՑԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՇԱՀԵՐԻՆ. ՊԵՆՏԱԳՈՆ
Դժվար է նայել այն ամենին, ինչ ռուսական զորքերն անում են Ուկրաինայում՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը:
Ջոն Քիրբին հերքել է ռուսական կողմի հայտարարությունները, թե Ուկրաինայում հատուկ գործողությունն ուղղված է ապազգայնացմանը, ռուսալեզու բնակչության և Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ Կիևը երբևէ չի սպառնացել Մոսկվայի շահերին:
Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արձագանքել է Քիրբիի խոսքին՝ դրանք որակելով «վիրավորական և անընդունելի»: Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը չի ցանկանում նկատել Կիևի հանցագործությունները:
«Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ իշխանությունները շահագրգռված չեն հրադադարի հարցում»,- հավելել է դիվանագետը։
ԱՄՆ-Ը ԴԵՄ Է ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻՆ ՌԴ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Վաշինգտոնը դեմ է Մեծ քսանյակի՝ Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությանը. այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
«Նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել G20-ին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը։ Մենք ողջունում ենք ձևաչափին Ուկրաինայի մասնակցությունը»,- նշել է Ջեն Սակին։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին՝ նշել է, որ Մոսկվան կնախապատրաստվի միջոցառմանը, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ մակարդակով։