Դժվար է նայել այն ամենին, ինչ ռուսական զորքերն անում են Ուկրաինայում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Դժվար է նայել մարտի դաշտից արված կադրերին ու պատկերացնել, որ որևէ ողջամիտ, լուրջ ու հասուն ղեկավար այդպես կվարվեր: Դժվար է մտածել, որ որևէ բարոյական մարդ կարող է դա արդարացնել»,- նշել է Քիրբին։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հերքել է ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ուղղված է ապազգայնացմանը, ռուսալեզու բնակչության և Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ Կիևը երբևէ չի սպառնացել Մոսկվայի շահերին:
Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն արձագանքել է Քիրբիի խոսքին՝ դրանք որակելով «վիրավորական և անընդունելի»: Նա հիշեցրել է, որ ռուս պաշտոնյաներն ԱՄՆ ղեկավարության նկատմամբ երբևէ նման արտահայտություններ թույլ չեն տվել:
Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն իրենց դատողությունները հիմնավորում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարություններով և չեն ցանկանում նկատել Կիևի հանցագործությունները:
ՌԴ դեսպանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը շարունակում է զինել Ուկրաինային՝ լրացուցիչ եկամուտներ ստանալու և սեփական պահեստները հնացած զենքից մաքրելու համար:
«Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ իշխանությունները շահագրգռված չեն հրադադարի հարցում»,- հավելել է դիվանագետը։