Ուկրաինայում լարվածության ֆոնին Մոլդովայի և Մերձդնեստրի դիրքորոշումներում տարաձայնությունները նվազել են: Այս մասին հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման բյուրոյի փոխտնօրեն Նիկոլայ Ցվյատկովը։
«Քիշնևի և Տիրասպոլի երկխոսությունն ավելի կառուցողական է դարձել, չեմ կարող ասել, թե այն ավելի դրական է, բայց հնարավորություն է տալիս խուսափելու ռիսկերից»,- ընդգծել է Ցվյատկովը։
Նա նշել է, որ չարժի թերագնահատել տարածաշրջանում ուկրաինական որոշ ուժերի շահերը և կարողությունը՝ ազդելու ստեղծված իրավիճակի վրա։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին և 26-ին, Մերձդնեստրում ահաբեկչական երեք հարձակում էր տեղի ունեցել։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին տեղի ունեցածի համար մեղադրել է Ուկրաինային։ Ապրիլի 29-ին նա Մոլդովայի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանը քննարկել է անվտանգային մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար և տնտեսական գործակցության հնարավորությանը։ 2020 թ. Մոլդովայի նախագահի պաշտոնում Մայա Սանդուի ընտրվելուց հետո սա Քիշնևի և Տիրասպոլի միջև նման մակարդակով առաջին հանդիպումն էր: