ՆԱՏՕ-ն անում է ամեն հնարավորը՝ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով խանգարելու Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտին։ Այս մասին «Սինհուա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը մտադիր են պայքարելու Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին. նրանց չի հետաքրքրում Ուկրաինայի՝ որպես միջազգային հարաբերությունների անկախ սուբյեկտի, ճակատագիրը։
Լավրովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնեն զենք ու զինամթերք մատակարարել Կիևին, եթե իսկապես շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմամբ։ Դիվանագետը պնդել է, որ հակառուսական պատժամիջոցներ կիրառելով՝ Արևմուտքը պատրաստ է վտանգելու ողջ աշխարհի էներգետիկ անվտանգությունը։
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին՝ հայտնելով, որ դրանք անցկացվում են ամեն օր՝ տեսակապի միջոցով։
«Մենք հանդես ենք գալիս բանակցությունների շարունակման օգտին, թեև դրանք դժվար են ընթանում: Խանգարող գործոն է, օրինակ՝ Արևմուտքի ռազմատենչ հռետորաբանությունը։ Համոզված եմ՝ պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Կիևը կսկսի առաջնորդվել ուկրաինացի ժողովրդի շահերով»,- ասել է դիվանագետը։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը կնպաստի ռազմաքաղաքական լարվածության թուլացմանը։ Հնարավոր տարբերակներից մեկը, նրա կարծիքով, կարող է դառնալ երաշխավոր պետությունների ինստիտուտի ձևավորումը, որում ներգրավված կլինեն, առաջին հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը։