Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։
«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։
- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում:
- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռևս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում, կարծում ենք՝ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի: