Մեր երկրների պատմական և բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, վստահ եմ, որ ապագայում համագործակցությունը կշարունակվի:
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում հայտնեց Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
«Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները և օգտվել հնարավորություններից»,- ասաց Վրաստանի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները:
«Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին:
Նշեցինք, որ երկրների միջև առկա է քաղաքական և տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առևտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն՝ սրանք այն ոլորտներն են, որոնք մեծ դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում: Առանձնահատուկ ուշադրություն է բևեռվել մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժին, որը կրիտիկական է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար: Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին` հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները»,- ասաց Դարչիաշվիլին:
Իր խոսքի ավարտին Դարչիաշվիլին վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Վրաստանի հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան, այնուհետև նա իր պատրաստակամությունը հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալելու Թբիլիսիում: