Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլիա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաև Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարևորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելը և համարժեք այլ գործողությունների իրականացումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ համագործակցության և աջակցության: Նա նշել է, որ խաղաղ հարևանությունը և մարտահրավերներին միասին դիմակայելը կարևոր են տարածաշրջանի զարգացման համար:
Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար բոլոր ուղղություններով շարժվելու անհրաժեշտությունը: