ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։
Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Զրուցակիցները գոհունակութուն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև հազարամյա բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների, միջպետական մակարդակում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցության առնչությամբ։ Երկուստեք բարձր է գնահատվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծվել ոլորտային պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի իրացման, տարածաշրջանի կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերին: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը և 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայակական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքերին:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային համապատասխան կառույցների անարգել մուտքի ապահովումը և տեղում անխափան ներգրավումը։