Դավիթ Մուրադյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը Առաջինի լրատվական ալիքի եթերում քննարկել են ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, դրա իրագործումը և տարածաշրջանային հարցեր:
- Պարո՛ն Դևին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար:
Լյուկ Դևին (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ) - Շնորհակալություն հրավերի համար:
- Խնդրում եմ որոշ մանրամասներ ներկայացրեք Ձեր այցի օրակարգից:
ԵՄ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Լյուկ Դևին - Նախևառաջ, թույլ տվեք ասել, որ ուրախ եմ վերադառնալ Հայաստան՝ քովիդի պատճառով առաջացած երկու տարվա ընդմիջումից հետո: Այստեղ եմ եկել ԵՄ-Հայաստան համաձայնագրի հանձնաժողովի տարեկան նիստը համանախագահելու համար: Այն ստորագրվել է 2 տարի առաջ և ուժի մեջ է մտել անցած տարվանից: Այն կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Եվ անունն արդեն հուշում է, որ այն համապարփակ է այն առումով, որ հզորացնում է բազմազան ոլորտներ՝ տնտեսական համագործակցությունից մինչև կրթություն, գիտություն, կլիմա, շրջակա միջավայր: Դա կարևոր փաստաթուղթ է, որը մենք համարում ենք մեր հարաբերությունների հիմքը: ԵՄ-ն ցանկանում է մասնակցել Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև օժանդակություն տրամադրել: Մենք ձեր երկրի ամենամեծ դոնորն ենք: Նաև ցանկանում ենք շարունակել Հայաստանի ապագային ուղղված ներդրումները, քանի որ մենք նաև այս երկրի ամենամեծ ներդրողն ենք:
- ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թ. մարտից: Ինչպե՞ս է ԵՄ-ն ընդհանուր առմամբ գնահատում համաձայնագրի իրականացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Լյուկ Դևին - Կարծում ենք՝ այն շատ լավ է ընթանում: Կարծում ենք՝ Հայաստանը լավ է աշխատում այս համաձայնագրի իրականացման առումով: Իհարկե միշտ էլ կարելի է ձգտել ավելիին և կատարելագործմանը: Ամփոփ կարելի է նշել արդարադատության ոլորտը, որտեղ, կարծում ենք, պետք է առաջընթաց լինի: Նաև մեծ նշանակություն ենք տալիս քաղաքացիական հասարակությանը: Մենք արդեն տվել ենք քաղաքացիական հասարակության հարթակի մեկնարկը, որն ուղղված է համաձայնագրի իրականացման մշտադիտարկմանը, քանի որ մենք նաև գործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ: Եվ հենց ձեր վարչապետն ինքը քաղաքացիական հասարակությունից է: Ընդհանուր առմամբ, հարաբերություններն իսկապես շատ լավն են, և մենք շատ գոհ ենք, թե ինչպես է Հայաստանն իրագործում համաձայնագիրը:
- Եվրամիությունը նախորդ տարի հայտարարել է Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ: Նախ կխնդրեի մի փոքր մանրամասներ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ: Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ փուլ են թևակոխել նախանշված ծրագրերը, և ե՞րբ դրանք առավել տեսանելի կդառնան:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼ ԵՄ 2.6 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՓԱԹԵԹԻ ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐ
Լյուկ Դևին - Այս պահին, երբ մենք զրուցում ենք, արդեն որոշ ծրագրեր սկսել են իրականանալ: Մենք նախանշել ենք 6 առաջնահերթ ոլորտ: Դրանցից առաջինը՝ տնտեսությունը և 30000 ՓՄՁ-ների հիմնումն են: Այն, ինչ անում ենք, գործիքակազմի խառնուրդ է՝ կան դրամաշնորհներ, վարկեր ԵՄ-ից և ԵՄ կառույցներից, ինչպես նաև գործարարներից: Մի խոսքով՝ այն բավական ընդգրկուն է: Երկրորդ ուղղությունը հաղորդակցությունների խթանումն է՝ ներառյալ Հյուսիս-հարավ միջանցքը: Երրորդ ուղղությունը թվային փոխակերպումն է: Այն նաև ներառում է Սևծովյան տարածաշրջանի միջոցով կապի առաջ մղումը: Չորրորդ ուղղությունը Հայաստանի հատկապես հարավային հատվածի զարգացումն է: Հինգերորդ ոլորտն ընդգրկում է Հայաստանի հարավի կրթական ոլորտի զարգացումը: Եվ, վերջապես՝ վեցերորդը, որն առավելապես կենտրոնանում է կանաչ զարգացման ուղղությամբ: Այս ուղղությամբ կունենանք գործնական արդյունքներ, օրինակ՝ Երևանի համար կանաչ էներգիայով աշխատող 100 ավտոբուս: Այն շատ կոնկրետ է:
- Կա՞ն արդյոք Հայաստանում արդեն սկսված ծրագրեր, թե՞ դեռ սպասում են հաստատմանը:
Լյուկ Դևին - Իրականում այս տարվանից արդեն սկսել ենք ծրագրերի իրականացումը:
- Մի հարցի անդրադառնամ, որը Հայաստանում շատ է քննարկվում: Ե՞րբ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-Հայաստան առանց վիզայի ռեժիմի համար բանակցության մեկնարկը:
ՎԻԶԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Լյուկ Դևին - Նախ կցանկանայի նշել, որ Հայաստանն արդեն օգտվում է վիզաների արտոնյալ ռեժիմից: Դա նշանակում է, որ վճարները նվազել են, կրճատվել է վիզա ստանալու ժամկետը՝ մինչև տասն օր, կան նաև հատուկ ռեժիմներ, օրինակ՝ ուսանողների համար, որոնք ցանկանում են օգտվել «Էրասմուս+» կրթական ծրագրից, որի շրջանակում ֆինանսավորում ենք Եվրոպայում սովորել ցանկացող ուսանողներին: Երբ խոսքը վերաբերում է առանց վիզայի ռեժիմին, դա ավելի շատ կախված է ԵՄ անդամ երկրներից: Այն միաձայնություն է պահանջում: Այն նաև կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես է վարվում որոշ եվրոպական երկրներում անօրինական բնակվողների հետ:
- Այսինքն՝ դեռ ժամանա՞կ կպահանջվի:
Լյուկ Դևին - Դա կախված է նաև համագործակցությունից, և թե ինչպե՞ս են խնդիրները լուծվում որոշակի երկրներում:
- Վերջին շրջանում մենք ականատես ենք Եվրամիության և, մասնավորապես, ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ակտիվ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Բավական բարդ և համապարփակ գործընթաց: Ինչպե՞ս է Եվրամիությունը պատկերացնում այդ գործընթացը և ի՞նչ գործիքակազմով է Եվրամիությունը ցանկանում աջակցել այդ գործընթացին:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԻՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԵՄ-Ն. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ
Լյուկ Դևին - Նախևառաջ, ես չէի ցանկանա միջամտել այս զգայուն գարծընթացին: Ինչպես Դուք նշեցիք, այն առաջնորդում է Շառլ Միշելը, նաև աշխատում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նա այստեղ էր անցած շաբաթ և մի քանի շաբաթ առաջ: Նաև բարձր ներկայացուցիչն էր ներգրավված, այդ թվում՝ պատերազմի ընթացքում: Խաղաղությունը Եվրամիության սրտում է: ԵՄ-ն ստեղծվել է պատերազմներից խուսափելու համար մի մայրցամաքում, որը շատ է տուժել պատերազմներից: Հենց դա է, ինչին ձգտում ենք մենք: Թե ինչպես կարող ենք օգնել, կախված է բոլոր կողմերի բարի կամքից: Սակայն գործընթացում բարձրագույն մակարդակով, ներառյալ՝ Շառլ Միշելին, ներգրավվածությունը, որը նաև որոշ առաջընթաց և գործնական քայլեր է արձանագրել, կարևոր է: Ինչպե՛ս կարող ենք մենք օգնել: ԵՄ-ն սահմանները բացելու, քաղաքացիների կյանքը թեթևացնելու, տարածաշրջանային համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների զարգացման հարցերում փորձ ունի: Հավատում ենք, որ շատ երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները կրում էին պատերազմի և հակամարտության ազդեցությունը: Հիմա ժամանակն է հասնելու տևական և խաղաղ լուծման: Դա ներառում է նաև Թուրքիայի հետ սահմանը, որը պետք է վերաբացվի, և մենք միշտ սատարել ենք այդ գաղափարին: Կցանկանայինք այստեղ տեսնել տարածաշրջանային համապարփակ զարգացում:
ԵՄ-Ն ՄՇՏԱՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ
- Ադրբեջանում շարունակում են պահվել մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, և ադրբեջանական կողմն այդ գործոնն օգտագործում է հայկական կողմի վրա հոգեբանական և քաղաքական ճնշում գործադրելու համար: Արդյոք Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նման խախտումները չե՞ն խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:
Լյուկ Դևին - Մեր դիրքորոշումը միշտ հստակ է եղել, և մենք մշտապես պաշտպանել ենք բոլոր գերիներին ազատ արձակելու գաղափարը՝ որպես բարի կամքի դրսևորում, որպես տևական խաղաղության հասնելու մի պայման, ինչին ձգտում ենք մենք: Հստակորեն դեմ ենք արտահայտվել գրգռիչ հռետորաբանությանը: Եվ սրանք մեր մոտեցման տարբեր ասպեկտներն են:
- Ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք, իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև ղարբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վրա: Համանախագահ երկրների միասնական աշխատանքի մասին այսօր հազիվ թե կարող ենք խոսել: Այնուամենայնիվ ձևաչափը պահպանվում է, և առանձին ջանքեր են գործադրվում: Ինչպիսի՞ն է Եվրամիության դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ դերակատարման հնարավոր ակտիվացման և օրակարգի վերաբերյալ:
ԵՄ-Ն ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Լյուկ Դևին - Մի կողմից, մշտապես սատարել ենք այդ գործընթացը: Մյուս կողմից էլ՝ տանգոն երկուսով են պարում, մենք չենք կարող ստիպել կողմերին նստել սեղանի շուրջ: Սակայն պետք է նշել, որ առաջընթաց եղել է: Եվ ես կցանկանայի ողջունել այն, ինչին Շառլ Միշելը հասել է: Կարծում եմ՝ դա կոնկրետ արդյունք է: Իհարկե, նաև կարևոր է, որ կողմերը բարի կամք դրսևորեն:
- Եվրամիությունը քանիցս ողջունել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն արդեն երկու հանդիպում են անցկացրել: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ թուրքական կողմին առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Ավելին, պաշտոնական Անկարան շարունակում է այս երկկողմ գործընթացը պայմանավորել ադրբեջանական կողմի տրամադրություններով: Ըստ Ձեզ՝ ինչպես է հնարավոր խթանել այս գործընթացը, որպեսզի Անկարան բացի Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը:
ԵՄ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑՎԵՆ
Լյուկ Դևին - Մենք այդ երկկողմ գործընթացի մաս չենք: Միայն կարող ենք խրախուսել, որպեսզի սահմանները բացվեն: Նաև, ինչպես գիտեք, ունենք հաղորդակցության ռազմավարություն, որի նպատակն է կապել ԵՄ-ն Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ: Ակնհայտ է, որ այդ առումով սահմանների բացումը դեր կխաղա: Ուստի կարող ենք միայն ողջունել առաջընթացը, սակայն բանակցող կողմերից որևէ մեկին չենք կարող փոխարինել:
- Սակայն ԵՄ-ն ողջունո՞ւմ է այդ գործընթացը:
Լյուկ Դևին - Աներկբայորեն ողջունում ենք սահմանների բացումը: Մենք համաձայնագիր ունենք Թուրքիայի, Հայաստանի հետ: Ուստի, այո՛, մենք միայն կողմնակից ենք սահմանների բացմանը:
- Պաշտոնական տվյալներով` 2020 թ. պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Եվրոպական խորհրդարանը բանաձևեր է ընդունել Արցախում մշակութային ու կրոնական ժառանգության մասին, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել այդ բանաձևերը և իր միջազգային հանձնառությունները: Ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Ադրբեջանի մշակույթի նախարարության որոշումը՝ ստեղծել աշխատանքային խումբ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ. ԼՅՈՒԿ ԴԵՎԻՆ
Լյուկ Դևին - Չէի ցանկանա կենտրոնանալ հենց այդ հարցի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ կասեմ, որ ակնհայտորեն անհրաժեշտ է պահպանել կրոնական, ոչ կրոնական, մշակութային ժառանգությունը: Դրա դեմ բոլոր գործողությունները չեն նպաստում խաղաղությանը: Սակայն ես դա ասում եմ՝ ոչ որպես Ձեր նշածի մեկնաբանություն:
- Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Հայաստանի շատ քաղաքացիներ տեսնում են Կիևին ցուցաբերվող լայն աջակցություն Եվրամիության և եվրոպական առանձին երկրների կողմից, և շատերի մեջ, իհարկե, հարց է առաջացնում, թե ինչո՞ւ այդ դերակատարները հայտարարություններից բացի որևէ գործնական քայլ (պատժամիջոց, գործնական աջակցություն) չձեռնարկեցին Արցախի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ:
2020 Թ. ԵՂԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԿՈՉԵՐ, ԲԱՅՑ ԴԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ. ԼՅՈՒԿ ԴևԻՆ
Լյուկ Դևին - Պետք է պատժամիջոցները՝ որպես այդպիսիք, նպատակ չհամարենք: Ինչպես Դուք նշեցիք, եղել են խաղաղության, բռնության, մասնավորապես՝ խաղաղ բնակչության դեմ բռնության դադարեցման, ռազմագերիների ազատ արձակման, կոթողները հարգելու կոչեր: Դա է այն, ինչ մենք անում ենք: Չենք կարող բոլոր իրավիճակները համեմատել միմյանց հետ: Մենք նաև նախաձեռնել ենք որոշ կոնկրետ քայլեր: Պատերազմի ընթացքում Հայաստանին տրամադրել ենք մարդասիրական օգնություն: Սակայն դա մեր պատերազմը չէր, և մի պատերազմ էր, որը մենք չէինք սկսել:
- Պարո՛ն Դևին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար:
Լյուկ Դևին (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ) - Խնդրեմ: