Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի՝ ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին:
Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:
Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը և ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաև հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության և ընդդիմության դերի վերաբերյալ:
Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:
Հերոսներ ունենալու և ամեն կերպ նրանց նմանվելու հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատանեկան տարիքում տպավորված հերոսներն ամենաանկեղծն են, և նրանց կերպարը կարող է ոգևորել և մեծ հետք թողնել: Աշակերտները նաև խորհուրդներ են հարցրել կյանքի տարբեր դրվագներում դիմակայելու և առաջ շարժվելու մասին, որոնց ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է մշտական պայքարի և երբեք չհիասթափվելու մասին:
Նրա խոսքով` մարտահրավերների դեմ պայքարն է կոփում, ստեղծում գրագետ քաղաքացի ու լավ մարդ, որոնք էլ հաջողության գրավականն են: