Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր:
Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և գնահատանքի համար:
ԿԳՄՍՆ-ից հավելում են նաև, որ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով: