ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ
Ռուս-ուկրաինական բանակցություններից նորություններ դեռ չկան, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անդրադառնալով Ինդոնեզիայում տեղի ունենալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հրավերին՝ պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը կնախապատրաստվի միջոցառմանը, սակայն ձևաչափի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Պեսկովը մեկնաբանել է նաև Ուկրաինային աջակցության շրջանակում ռուսական գույքը բռնագրավելու ԱՄՆ-ի որոշումը․ «Անընդունելի ենք համարում այս նախաձեռնությունը, դա թյուրիմացություն է, Վաշինգտոնը փորձում է օրինականացնել սովորական բռնագանձումը»,- մտահոգություն է հայտնել խոսնակը։
Նա նշել է, որ Մոսկվան այս տարի օտարերկրյա ոչ մի առաջնորդի չի հրավիրել Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությանը։
ՎՐԱՍՏԱՆԸ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԿՀԱՆՁՆԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ
Վրաստանի իշխանությունները մայիսի 2-ին Եվրահանձնաժողովին կհանձնեն երկրում սահմանադրական կարգի, օրենքի գերակայության վերաբերյալ հարցաթերթիկի առաջին մասը, որը հանրապետությունը ստացել էր ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներ սկսելու համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Փաստաթղթի երկրորդ մասը, որը հիմնականում վերաբերում է պետական հաստատություններում առկա իրավիճակին, կլրացվի մինչև մայիսի 13-ը։
Պաշտոնական Թբիլիսին անդամակցության հարցով ԵՄ-ին է դիմել մարտի սկզբին։
ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ՉԺՀ ԱԳՆ
ԱՄՆ-ի նպատակն է երկարաձգել Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։
«Մինչդեռ Եվրոպան և միջազգային հանրությունը կոչ են անում դադարեցնել պատերազմը, Վաշինգտոնը շարունակում է կրակի վրա յուղ լցնել և պատրաստ է կռվել մինչև վերջին ուկրաինացին»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում իրադարձություններից և հասկանան, որ հակամարտության իրական կողմերը ոչ թե Մոսկվան և Կիևն են, այլ Մոսկվան և Վաշինգտոնը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ. ՖՐԱՆՍԻԱ
Արևմուտքն ուկրաինական հակամարտության մասնակից չէ՝ հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
«Միջազգային իրավունքի դրույթները միանգամայն հստակ են այս հարցում՝ ռազմական մատակարարումները չեն նշանակում մասնակցություն հակամարտությանը»,- ընդգծել է գերատեսչությունը։
Նշվում է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, հավելել՝ այն կտարածվի նավթի մատակարարումների վրա։
Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր միջուկային պատերազմի մասին հայտարարություններին: Նախարարության համոզմամբ՝ համարելով դրանք անհիմն։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ Մոսկվան դեմ է միջուկային պատերազմին, դրանում հաղթողներ լինել չեն կարող։
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ
Հունաստանը ռուսական գազ ձեռք կբերի՝ չխախտելով ԵՄ հակառուսական պատժամիջոցները, հաստատել են վարչապետի աշխատակազմից։ Նշվում է, որ Աթենքը կվճարի «Գազպրոմին», որպեսզի մատակարարումների ընդհատումներ չլինեն։
Մոլդովան և Հունգարիան նույնպես հայտարարել են, որ դեռևս չեն կարող հրաժարվել ռուսական գազից։
«Գազպրոմից» ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումները բուլղարական և լեհական ընկերություններին։