Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացնել նաև փաստաբանական գրասենյակներն ու փաստաբանները, որոնք կհամապատասխանեն որոշակի չափանիշների: Նման որոշում Կառավարությունը դեռ 2013-ին է կայացրել, սակայն այս հնարավորությունից փաստաբանական գրասենյակներն ու փաստաբանները նոր են սկսել օգտվել:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Տվյալ բարեփոխումը միտված է նրան, որ իրավաբանական ընկերությունները, որոնք ունեն գործունեության 5 տարվա ստաժ, նաև գործող փաստաբանները, որոնք վերջին 2 տարում ունեն 30 մլն շրջանառություն, ըստ էության, այն բոլոր պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք ոլորտում դերակատարում ունեն, հնարավորություն կունենան պետական ռեգիստրի որոշ գործառույթներ իրականացնել:
Իրավաբանական ընկերություններն ու փաստաբանները կարող են անձի նույնականացում իրականացնել, դիմումներ մուտքագրել համակարգ, ԱՁ և ՍՊԸ գրանցել: Ընդ որում՝ ընկերությունները ոչ թե միջնորդի դեր են ստանձնում, այլ տրամադրում են վերջնական փաստաթուղթ: Այս ամենի համար պետք է Պետռեգիստրի հետ պայմանագիր կնքել և վճարել կա՛մ տարեկան 500 հազար դրամ, կամ ամսական 50 հազար դրամ: Այս պահին արդեն 3 ընկերություն պայմանագիր է կնքել: Արդարադատության նախարարությունն այս թեմայով իրազեկում-քննարկում էր կազմակերպել փաստաբանական ընկերությունների ու անհատ փաստաբանների հետ:
Տաթև Մկրտչյան (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ) - Մեր e-register. am կայքում մենք պարբերաբար թարմացնում ենք սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող էն սուբյեկտների ցանկը, որոնք ամենօրյա ռեժիմով կարող են թարմանալ՝ ներառելով և նոտարներին և փաստաբանական գրասենյակներին և փաստաբաններին: Բայց քանի որ փաստաբանական գրասենյակները մինչև այժմ առանձնապես ակտիվություն չէին ցուցաբերել, էդ ցանկը շատ քիչ հաճախականությամբ էր թարմանում:
Համակարգը արդեն 8 տարի գործում է: Հիմա պատասխանատուները որոշ թարմացումներ ու շտկումներ են իրականացրել, գործընկերներից էլ ակնկալում են սերտ գործակցում, խնդիրների վերհանում:
Լիլիթ Կարապետյան (փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան) - Մենք չենք պատրաստվում միայն ռելոկացիայի համար դա օգտագործել, նույն հաջողությամբ ունենք շատ բարդ գործարքներ, որ պատրաստվում ենք էս համակարգով անել, միանշանակ դրական ազդեցություն է ունենալու, որովհետև և ռեսուրսների կառավարման տեսանկյունից և մարդկանց հնարավորինս աշխատանքը արագացնելու տեսանկյունից միանշանակ դրական է լինելու:
Միջոցառումը կազմակերպել են, ընկերություններին ու անհատներին ևս մեկ անգամ հիշեցնելու, որ սա կթեթևացնի ռեգիստրի սպասարկման գրասենյակի ծանրաբեռնվածությունը, որից կշահեն նաև տեղական ընկերությունները՝ կխնայեն ռեսուրս և ժամանակ: