ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Պետրակովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կատարման ընթացքը, անդրադարձել սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, ինչպես նաև Կասպից ծովում գործակցության հնարավորությանը։
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԲԱՅԴԵՆ
Ջո Բայդենը հայտնել է, որ ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված խնդրագիրը՝ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, և կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել այն։
«ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Կիևին, քանի դեռ Ռուսաստանի հատուկ գործողությունը չի դադարեցվել, մատակարարումներն իրականացվում են մեծ արագությամբ»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Ռուսաստանն օգտագործի իր նավթն ու գազը՝ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքներից խուսափելու համար։
«Ամերիկան պատրաստ է Ռուսաստանի ցանկացած գործողության»,- նշել է նա։
Բայդենը հաստատել է նաև, որ Կոնգրեսին կներկայացվի ռուս գործարարների ունեցվածքը բռնագրավելու և դրա վաճառքից ստացված հասույթն Ուկրաինային տրամադրելու նախաձեռնություն։
Սպիտակ տան ղեկավարը հերքել է, թե Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը վերածվել է Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև միջնորդավորված հակամարտության։ Նա կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարություններից՝ դրանք անվանելով անպատասխանատու։
ԿԻԵՎԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ ԿՍՏԱՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ. ԱՐԵՍՏՈՎԻՉ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտարարել է, որ շուտով Կիևը հզոր զենք կստանա Արևմուտքից։
«Մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ հնարավոր կլինի փոխել ուժերի հարաբերակցությունը»,- նշել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ հուլիսին կատաղի մարտեր են սպասվում:
«Ուկրաինական բանակը ակտիվ հարձակողական գործողություններ կսկսի»,- նախազգուշացրել է Արեստովիչը։
ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ն պատրաստ է երկար տարիներ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ խորհրդային սպառազինության փոխարեն արևմտյան ժամանակակից համակարգեր ձեռք բերելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Հավանականությունը մեծ է, որ այս պատերազմը կձգվի ամիսներ և տարիներ», - մտահոգություն է հայտնել Ենս Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը կշարունակի ճնշում գործադրել ՌԴ նախագահի վրա և տնտեսական, ինչպես նաև ռազմական օգնության տրամադրել Կիևին։
Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային արդեն առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել։
ՌԴ-Ն ԲԱՑ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն փոխադարձ հավասարության հիմքով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելել՝ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու դիրքորոշումից։
Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Մոսկվայի ներկայացրած առաջարկներին Կիևը դեռ չի արձագանքել, չնայած արդեն 2 շաբաթ է անցել։
«Ուկրաինայի վարքագիծը մտահոգում է Մոսկվային․ մենք, այնուհանդերձ, հավատարիմ ենք իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- նշել է խոսնակը։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը մոտակա մի քանի տարվա ընթացքում չի հրաժարվի ռուսական էներգակիրներից, քանի որ այս պահին այլընտրանք գտնելն անհնար է։ Նա հաստատել է՝ Բուդապեշտը դրանց դիմաց կվճարի Մոսկվայի սահմանած վճարման սխեմայով։
Մոլդովան նույնպես կշարունակի գազ գնել «Գազպրոմ»-ից՝ այլընտրանքային շուկաների թանկ լինելու պատճառով։
«Գազպրոմ»-ից ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։
Այնուհանդերձ նշվում է, որ Լեհաստանը շարունակում է ռուսական գազ գնել, սակայն արդեն Գերմանիայի միջոցով։
ԸՆԴԼԱՅՆԵԼ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ
Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։
«Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։
Խորհրդարանականները նաև կոչ են արել կառավարությանը` աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի կնքմանը։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինա և այլ երկրներ ծանր սպառազինության մատակարարումը սպառնում է եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։