Աշխատավարձ՝ առանց աշխատելու: Խորհրդային տարիների անասնաբույժի աշխատաոճը այսպես է բնութագրում Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ պատվաստանյութը թափել ու փաստաթղթերում աշխատանքը ներկայացրել են կատարված:
Գեորգի Ավետիսյան (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար) - Պատվաստանյութը պարզապես չեն ներարկել, թափել են, մի հատ գառ են մորթել, այդ ամբողջ արյունը բերել են, հետազոտել` մի քանի գյուղի կամ մի կոլխոզի կենդանիների փոխարեն: Կան մարդիկ, որ էդ դաստիարակության մակարդակի են մնացել:
Արատավոր երևույթներ հիմա էլ նկատվում են՝ ասում է տեսչական մարմնի ղեկավարը: Անասնաբույժների թիվը ևս կրճատվել է: Մասնագիտության վարկանիշը բարձրացնելու և անվտանգ մսամթերք ունենալու համար հիմա կառավարությունը լուրջ ծրագրեր է իրականացնում:
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Անասնաբուժության մասին» նոր օրենքի նախագիծ է շրջանառվում, որի ընդունումից հետո կստեղծվի մասնավոր անասնաբույժի ինստիտուտը: Անասնաբույժ համարվելու համար պարտադիր կլինի ոչ միայն դիպլոմը, նաև մասնագիտական հանձնաժողովի հավաստագիրը:
Կառավարության որոշմամբ` այս տարի առաջին անգամ՝ ապրիլ ամսվա վերջին ուրբաթ օրը, անասնաբույժները նշում են մասնագիտական տոնը:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք պետք է փոխենք անասնաբուժության վարման կարգը: Օրինակ՝ զարգացած եվրոպական երկրներում մասնավոր անասնաբույժներ են, և իրենք սպասարկում են տնտեսությունները ամբողջ օրվա ընթացքում և կանչերով: Իրենց անասնաբուժության վարումը կանխարգելիչ անասնաբուժություն է, ոչ թե կենդանիները հիվանդանան՝ նոր բուժեն:
Առաջիկայում կմեկնարկի նաև խոշոր եղջերավորների համարակալումը: Հայաստանում մոտ 600 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներին կհամարակալեն ու կհաշվառեն 350 համարակալողները: Սա կնպաստի, որ առանց կենդանու առողջության պատմության՝ շուկայում միս չվաճառվի: Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած համարակալողների վերապատրաստման դասընթացներն ավարտվում են:
Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Գրեթե 90 տոկոսն արդեն ավարտել ենք, մոտ տասը օրից ամբողջական ավարտած կլինենք և պատրաստ ենք մեկնարկելու կենդանիների համարակալումը:
Համարակալումն ու հաշվառումը այն գործընթացն են, որի վերջնական արդյունքում հնարավոր է լինելու պարզել, թե որ կենդանու միսն է անվտանգ ու ենթակա վաճառքի: