Սույն թվականի ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ համառոտ նկարագիր է ներկայացրել:
Դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հիմնված են երկու ժողովուրդների հազարամյա հարաբերությունների և պատմական ամուր կապերի վրա:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: 1993 թ. հուլիսից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Թբիլիսիում: 2008 թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Քաղաքական երկխոսություն
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցերը Վրաստան: 2021 թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանել է Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: 2021 թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022 թ. մարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վրաստան:
Միջխորհրդարանական համագործակցություն
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ Վրաստանի խորհրդարանում հայկական համայնքը ներկայացված է ծագումով հայ երկու պատգամավորների միջոցով:
Երկկողմ հարաբերություններ
Հայաստանի և Վրաստանի միջև առկա է սերտ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար, մշակութային և այլն:
Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021 թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:
2021 թ. երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 171 200 հազ. ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
Վրաստանում է գտնվում մեծաթիվ հայկական համայնքներից մեկը, որը հանդիսանում է կամուրջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Գործում են համայնքային շուրջ երկու տասնյակ կառույցներ, որոնցից ամենախոշորը 2011 թ. հիմնված «Հայարտուն» մշակութային երիտասարդական կենտրոնն է:
Առկա է նաև հայալեզու մամուլ: