Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ:
Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո:
Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը: