Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի և Մոլդովայի նախագահի ազգային պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդական Դորին Ռեչանի հետ։
Աշխատանքային հանդիպումն անցել է Վառնիցա գյուղում, կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցերը՝ գրում է РИА Новости-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Մերձդնեստրում կատարված երեք ահաբեկչությունից հետո: Մեկը տեղի է ունեցել Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքում, մյուսը՝ Պարկանի գյուղի մոտ գտնվող զորամասի տարածքում, և Մայակ գյուղի մոտ գտնվող ռադիո-հեռուստատեսության կենտրոնի աշտարակի վրա։ Մերձդնեստրում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է հայտարարվել:
Մերձդնեստրի ղեկավարը հայտարարել է, որ դիվերսիան կազմակերպվել է Ուկրաինայի տարածքից։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն էլ ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում պայթյունների համար մեղադրել է տարածաշրջանի որոշ ներքին ուժերին։
Ի դեպ, Քիշնևի և Տիրասպոլի միջև նման մակարդակով բանակցություններն առաջինն էին 2020 թվականի վերջին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ընտրվելուց հետո։ Սանդուն պաշտոնը ստանձնելուց հետո ասել է, որ մտադիր չէ հանդիպել չճանաչված հանրապետության ղեկավարի հետ։
Մերձդնեստրի միջադեպերի ֆոնին ԵՄ արտաքին քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում միությունը մեծացնում է աջակցությունը Քիշնևին։ Եվրոպական կառույցը միաժամանակ, վերահաստատել է իր ամուր աջակցությունը Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։