Ինչպես է գյուղացիներին տրամադրվող դիզվառելիքի գնման մրցույթում հաղթել ամենաբարձր գինն առաջարկած «Ֆլեշ» ընկերությունը: Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մանրամասներ ներկայացրեց վկա, դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող Սևան Քոչարյանը: Հենց նրա դիմումի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը: Վկան ներկայացրել է «Սովրանիե» ընկերությունը: Նա դատարանում պատմեց, որ 2013-ին մրցույթին մասնակցելու առաջարկություն իրեն արել է գյուղատնտեսության նախարարությունը, պայմաններին ծանոթացել է արդեն նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում:
Սևան Քոչարյան (վկա) - Նախարարի հետ եղավ նույն խոսակցությունը, նույն մրցույթի հետ կապված, հնարավոր գինը տալու` ի՞նչ գնով կարող եք տալ, ի՞նչ հնարավորություններ ունեք, ու մենք ասացինք` ինչ գնով կարող ենք մատակարարել, ինքն էլ իր կողմից ասաց` հնարավո՞ր է մի 10 դրամ ցածր՝ լիտրի մեջ, ես ասացի, որ հնարավոր չէ, որովհետև խոսքը մի տարի ժամկետի մասին է, էդ ապրանքը գնվում է տարադրամով, որի գինը անընդհատ փոխվում է միջազգային շուկայում:
Նախարարն էլ առաջարկել է լիտրը 425 դրամով տալ: Եվ քանի որ միջազգային շուկայում գնանկում է նկատվել այդ օրերի ընթացքում, Քոչարյանը առաջարկը հենց այդ գնով է ներկայացրել: Մրցույթին մասնակցած մյուս երկու ընկերություններից «Մաքսհուր»-ը առաջարկել է 420, իսկ «Ֆլեշ»-ը՝ 440 դրամ:
Սևան Քոչարյան - Մրցույթը կայացավ, ճիշտն ասած` մեզ գյուղատնտեսության նախարարությունից ոչ ոք չի իրազեկել` մենք հաղթել ենք, պարտվել ենք, կամ ով է հաղթել, բայց տրամաբանորեն մենք հասկացանք, որ անցողիկը պետք է լիներ 420 դրամը, որովհետև էդ գինը 5 դրամով զիջում էր:
Մի քանի օր հետո իրեն զանգահարել է «Մաքսհուր» ընկերության տնօրեն Խաչիկ Մանուկյանն ու տեղեկացրել, որ իր ընկերությունն է հաղթել մրցույթում, բայց հետո իրադարձություններն այլ կերպ են զարգացել:
Սևան Քոչարյան - Մենք տարբեր աղբյուրներից իմացանք, որ հաղթողը, այսինքն` մատակարարողը, պետք է լինի «Ֆլեշ» ընկերությունը: Խաչիկը հրաժարվել էր, չէր հրաժարվել` չեմ իմանում, բայց տրամաբանորեն, եթե 420-ը չէր մատակարարելու ինչ-ինչ պատճառներով, մեր տրամաբանությամբ` պետք է լիներ 425 գինը՝ հաջորդ անցողիկ գինը, բայց չգիտեմ ինչի` անցողիկը եղավ 440-ը, իսկ ավելի ուշ մենք իմացանք, որ էդ 440-ը դառել ա 452:
Քանի որ վկան լսողական խնդիրներ ուներ և դժվարությամբ էր լսում կողմերին, իսկ նրանք բազմաթիվ հարցեր ունեին, դատարանն առաջարկեց հետաձգել նիստը, մինչև վկան հատուկ սարքի ձեռք կբերի: Սևան Քոչարյանի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 19-ին:
Դիզվառելիքի մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով, Սերժ Սարգսյանից բացի, անցնում են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության վարչության պետ Գևորգ Հարությունյանը: Նախկին նախարար Սերգո Կարապետյանի ու փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան