Էլզա Նազարյան (ուսանող) - Առավոտյան գնում էի դասի, մի խումբ շներ հարձակվեցին վրաս, ձեռքս քաշեցին, մինչև հիմա ցավում է:
Էջմիածնի այս փողոցը, որով Էլզան ամեն օր անցնում է ավտոբուս նստելու և Երևան դասի գնալու համար, օրեցօր դառնում է վտանգավոր, թափառող շների պատճառով: Դրանք ակտիվանում են հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ու հարձակվում հիմնականում միայնակ անցորդների վրա:
Էլզա Նազարյան - Ես պաշտպանվելու միջոց չունեի, վախեցա, խառնվեցի: Մի պապիկ մոտեցավ, խնդրեցի՝ օգնեց:
Աղջկան օգնել են մոտակայքում գտնվող թերթի կրպակի և խանութի աշխատողները: Ջուր են տվել, ուշքի բերել, մշակել շան թաթի տակ ճզմված ձեռքը, բայց հիվանդանոց չեն տեղափոխել նրա խնդրանքով:
Թամարա Մկրտչյան (Էջմիածնի բնակիչ) - Սենց բան չի լինի: Ես ինքս առավոտյան գալիս եմ գործի, շների ոհմակը հարձակվում է: Չգիտեմ ոնց գամ աշխատանքի: Մի քանի անգամ էլ ինձ վրա են հարձակվել, խնդրել եմ մեկին, որ ամեն օր ինձ դիմավորի, գամ գործի:
Թափառող շներն Էջմիածնում ամենուր են: Շրջում են միայնակ կամ ոհմակով: Այնքան են ակտիվացել, որ մտնում են շքամուտքեր, առանձնատների տարածքներ: Շների թիրախում են հայտնվում հատկապես խանութներից տոպրակներով դուրս եկողները:
Մարինե Ենոքյան (Էջմիածնի բնակիչ) - Անընդհատ շրջվում, հետ եմ նայում, մանավանդ որ տոպրակով եմ: Վախենում եմ, թոռնիկս էլ դուրս չի գալիս:
Համայնքապետարանում թափառող շների դեմ պայքարի լավագույն ձևը համարում են ստերջացումը: 2019 թվականին ստերջացրել են 100, 2020-ին՝ 50, իսկ անցած տարի՝ 37 շուն: Ապաստարան ունենալու մասին խոսք չկա. թանկ հաճույք է: Համայքի բարեկարգման պատասխանատուի կարծիքով՝ շների ակտիվացմանը նպաստում են բնակիչները՝ աղբը փողոց հանելով: Աղբակույտերը դառնում են շների հավաքատեղի:
Մուրադ Խաչատրյան (Վաղարշապատի «Բարեկարգում» տնօրինության ղեկավար) - Մաշտոց, Բաղրամյան, Կիրով և այլ փողոցներում մարդիկ առավոտյան 8-ից աղբը հանում են դուրս, շներ էլ կան, որ այլ տեղերից են գալիս, ես հաշվեգրելով հասկանում եմ, որ դրանք այստեղի շներ չեն: Նույնիսկ նկատել եմ, որ այլ քաղաքներից են բերում այստեղ, ականջակալներից եմ հասկացել:
Մուրադ Խաչատրյանի մտահոգությունը նաև քաղաքի սիզամարգերն են. շներն աղտոտում են դրանք: Իսկ ծառերը, որոնց բների մոտ նրանք հոգում են իրենց բնական կարիքները, չորանում են: Այլ մտահոգություն ունի շների հարձակումից տուժած ուսանողուհին: Նրան անհանգստացնում են երեխաները, որոնք թափառող կենդանիների պատճառով չեն իջնում բակ: