Երևանի քաղաքապետարանից հաղորդում են՝ ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները:
Աշխատանքների պատշաճ կազմակերպման համար քաղաքապետարանի «ԵԱՍՄ», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տրամադրելու են հատուկ տեխնիկա. ինքնաթափ, ջրցան, փոշեկուլ, բեռնատար մեքենաներ և այլ մեքենասարքավորումներ, որոնք կցված կլինեն վարչական շրջանների տարածքային պատասխանատուներին:
Դժվար հասանելի և վտանգավոր գոտիների մաքրումը կապահովեն Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ները: ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ուժերով էլ կիրականացվի պատմամշակութային վայրերի մաքրումն ու բարեկարգումը:
Անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները շաբաթօրյակին մասնակցելու համար կարող են դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր:
Շաբաթօրյակի ավարտից հետո հավաքված աղբը ամբողջությամբ կտեղափոխվի Նուբարաշենի աղբավայր: