Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է չազդեն Արցախի հարցի լուծման վրա, «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարը, նա պնդեց ՝ դրանք երկու տարբեր գործընթացներ են:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ դրական է, եթե նոր սկսված խոսակցությունների արդյունքում կարգավորվեն Երևան- Բաքու հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է՝ կարգավիճակի հարցը պետք է առանձին լուծվի:
Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Խաղաղության գործընթացը, որպես դասական երևույթ, խաղաղության գործընթաց, որը կբերի կայունության, նամանավանդ որ այդ գործընթացին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր եռանախագահող երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, բայց այստեղ կա մի կարմիր գիծ, մենք միշտ դրա մասին ասում ենք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա է մեր տեսակետը:
Կարգավորման ուղիները թողնելով ապագային՝ Բաբայանն այս պահին կարևորեց կայունության պահպանումը:
ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՀՀ ՀԱՄԱՐ
Արցախի բնակչության անվտանգության ապահովումն առաջնային խնդիր է Հայաստանի իշխանության համար, վստահեցրեց կառավարող խմբակցությունից Արման Եղոյանը: Պատգամավորի խոսքով՝ այս հարցում պետք է միջազգային երաշխիքներ ստեղծվեն, և միայն այդ ժամանակ է հնարավոր անդրադառնալ նաև այլ հարցերի, այդ թվում` կարգավիճակի քննարկմանը:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Առանց անվտանգության հարցը բարձրացնելու հնարավոր չէ, իսկ մյուս հարցերն առաջին գիծ բերելով հնարավոր է` անվտանգության հարցը տարվի երկրորդ գիծ, այ սա է ամբողջ հարցը, մենք հիմա ուզում ենք անվտանգություն, թե քաղաքական նպատակներով հենց հիմա խոսել ինքնորոշման մասին` առանց հաշվի առնելու, թե դա ինչ մարտահրավերներ կարող է առաջ բերել, կրկնում եմ` այս պահին, ես կարճաժամկետ թեմաների մասին եմ խոսում, ամիսների մասին եմ խոսում:
Չնայած ուկրաինական ճգնաժամին` Մինսկի խմբի համանախագահող երկրները` թեկուզ առանձին-առանձին, անդրադառնում են Ղարաբաղյան հարցին: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որ կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը, և փորձում է աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը:
Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակն էլ կարևորել էր Ռուսաստանի դերակատարությունը կողմերի միջև հարաբերությունների մերձեցման հարցում: Մարիա Զախարովան, սակայն, իր խոսքում շեշտել էր որ «Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են Ղարաբաղի կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները»:
Արման Եղոյան - Խոսակցությունը ամսից ամիս կարող է տարբեր նրբերանգ ունենալ, բայց մենք պահանջում ենք կարգավիճակ, որը կապահովի արցախահայության անվտանգությունը, իսկ իրենց առաջարկածում նման հեռանկար դեռ չի երևում:
Քանի դեռ բանակցային սեղանին որևէ թուղթ չկա, Եղոյանը չի հստակեցնում, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը, բայց հիշեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման հարցերը որևէ կապ չունեն Լեռնային Ղարաբաղ հիմնախնդրի հետ: Բաքուն, սակայն, հակառակ դիրքորոշումն ունի, նախագահ Ալիևն այսօր էլ է հայտարարել, որ Ղարաբաղում ապրող հայերին իրենք որպես Ադրբեջանի քաղաքացի են ընկալում:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է՝ նոր բանակցային փուլին պետք է նոր մոտեցում ցուցաբերել: Ըստ նրա՝ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին միջազգային հանրության առաջարկը չի նշանակում հրաժարվել այդ թեման քննարկելուց:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Տրամաբանությունը հետևյալն է` եթե կարգավիճակի հարցը լինի, հենց ի սկզբանե դրվելու է քննարկման, բանակցությունները փակուղի են գնալու, որովհետև հասկանալի է, չէ, որ տրամագծորեն տարբեր մոտեցումներ կան, ու այլ խնդիրներ պետք է լուծեն, որ հնարավոր լինի հասկանալ` որքանով են մոտեցումները կարգավիճակի հարցում մոտենում. այո, հենց այնպես չէր Զախարովայի այդ հայտարարությունը, բայց հակադիր մոտեցումները չպետք է խոչընդոտեն որ նոր փուլ սկսվի ԼՂ կարգավորման ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Քաղաքագետի կարծիքով՝ պետք է հստակեցվի նաև` որքանով է սահմանազատման գործընթացը բավարար լինելու խաղաղության հաստատման համար, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին անվտանգության ամուր երաշխիքների ներդրման կարիք կա: