ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և արդեն իսկ կատարված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այսօր այցելել է Արագածոտնի մարզ։ Նախարարը մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Աշտարակ համայնքում։
Նախարար Սանոսյանին է ներկայացվել բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, կապիտալ նորոգման, փողոցների հիմնանորոգման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքները։
Նախարարը շրջայց է կատարել նաև Աշտարակի Կոմիտասի անվան զբոսայգում, որը ևս բարեկարգվել է սուբվենցիոն ծրագրով։ Մուղնի թաղամասում և բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցման և վերականգնման, Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման սուբվենցիոն ծրագիրը հաստատվել է 113,22 մլն դրամ արժեքով, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 33,98 մլն դրամ է։
Մրցույթի արդյունքներով ծրագրի արժեքը կազմել է 84,38 մլն դրամ։ Ծրագրով նախատեսվում է Աշտարակում 3100 քմ մակերեսով այգիների և խաղահրապարակների կառուցում և բարեկարգում։ Աշխատանքները ընթացքի մեջ են, կատարվել է նախատեսված աշխատանքների 65 տոկոսը։