2021 թվականը Գիտությունների ազգային ակադեմիայի համար էական փոփոխությունների տարի էր: 15 տարվա ընթացքում առաջին անգամ ակադեմիայում նոր նախագահ է ընտրվել. Ռադիկ Մարտիրոսյանին փոխարինել է Աշոտ Սաղյանը: Կատարվել է նախագահության կառուցվածքի օպտիմալացում, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ:
Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվեցին նախորդ տարվա գիտական գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ եղավ ուժեղ ու թույլ կողմերին, նաև՝ սկսված կամ նախատեսվող ծրագրերին:
Աշոտ Սաղյան (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ) - Բազային ֆինանսավորման ծրագրեր՝ 44, նպատակային ֆինանսավորման ծրագրեր՝ 5, Գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագրեր՝ 313, տնտեսական պայմանագրային ծրագրեր՝ 186: Այսինքն՝ հաշվետու տարում 2019 թվականի համեմատ գրեթե 2.3 անգամ աճել է թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի քանակը, և մոտ 1.5 անգամ նվազել է տնտեսական պայմանագրային ծրագրերի քանակը:
Զգալի բարձրացվել է գիտաշխատողների աշխատավարձը: Սա քանիցս գոհունակությամբ ընդգծվեց տարբեր զեկույցներում: Բայց միևնույն ժամանակ նշվեց՝ գիտության զարգացման համար աշխատավարձի բարձրացումը բավարար չէ:
Արամ Պապոյան (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ) - Արդյունավետ գիտական աշխատանք չի կարող կատարվել առանց այլ ծախսերի, սարքավորումների, նյութերի, ենթակառուցվածքի, կոմունալ վճարումների: Այդ ծախսերի մասով 2022 թվականի բազային ֆինանսավորման ծավալը մնացել է անփոփոխ:
Ընդգծվեց կադրերի որակավորման անհրաժեշտությունը: Նշվեց, որ նոր կարգ է մշակվել: Ակադեմիայի նախագահ Սաղյանը համակարգի թույլ կողմերից է համարում գիտության կիրառականությունը: Ասաց՝ ստեղծվել է առանձին ստորաբաժանում՝ այդ կիրառականությունը ապահովելու նպատակով: Գիտական արդյունքի միջազգայնացումը նույնպես կարևորվեց:
Արթուր Իշխանյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, թղթակից անդամ) - Առանձնապես դա վերաբերում է հումանիտար և հասարակագիտական մտքի միջազգայնացմանը: Մենք պետք է լուրջ քայլեր անենք ամսագրերում օտարալեզու բովանդակություն աճեցնելու համար:
Գիտական կադրերի երիտասարդացումը շարունակում է չլուծված խնդիր մնալ, թեև այդ ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ, ինչպես նշվեց, կա: Անցած տարի աշխատանքի է ընդունվել 108 երիտասարդ մասնագետ: Գիտական կադրերի խիստ պակաս կա 45-60 տարեկանների միջակայքում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Պետությունը պատրաստ է ֆինանսավորելու ցանկացած գիտական նախաձեռնություն, միտք, որը իսկապես հնարավորություն է տալու նոր արժեք ստեղծելու: Եթե ձեր կողմից կա նախաձեռնություն, ձեր կողմից կա միտք, որը իսկապես արժանի է գիտական համարվելուն, այդ ֆինանսավորման հարցը լուծվում է: Այսինքն՝ մենք սահմանափակում չենք դնում, որ գումար չունենք, խնդրում եմ` սա ընդունեք ի գիտություն, և առաջիկա 5 տարիների համար Կառավարության 2021-26 թվականների ծրագրում դա նշված է:
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն էր ռուսաստանաբնակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, որի հետազոտությունների արդյունքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր՝ 118-րդ տարրով: Դա նրա պատվին էլ կոչվում է օգանեսոն:
Հեղինակ` Աննա Զախարյան