ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 68-ամյա տղամարդը 2020 թ. ամռանը՝ իր բնակության վայրին հարակից դաշտերից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար հավաքել է «մարիխուանա» և «տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ, չորացրել և խոշոր չափերի հասնող համապատասխանաբար 16,32 և 0,52 գրամ հաստատուն չոր քաշով թմրամիջոցները լցնելով փաթեթների մեջ, պահել է իր տանը: 2022 թ. հունվարի 17-ին վերջինիս տանը կատարված խուզարկությամբ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և առգրավվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: