Սյունիքի մարզը առաջիկայում կունենա կրթական ենթակառուցվածքի միանգամայն նոր համակարգ: Հայեցակարգը պատրաստ է. վարչապետի հանձնարարությամբ սկսվում են ծրագրի իրականացման, նախագծման և շինարարության աշխատանքները: Կրթական որակյալ ծառայությունների ծրագիրն առաջինը ներդրվեց Կապան խոշորացված համայնքում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Ուսումնասիրել իրավիճակը, հատկապես գյուղական բնակավայրերում հաշվի առնել տարբեր գործոններ՝ շահառու երեխաների թիվը, տեղանքը, առանձնահատկությունները, հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ պայմաններում այնպես կազմակերպել կրթությունը, որ կարողանանք որակյալ կրթություն ապահովել երեխաներից յուրաքանչյուրին:
Կապանի 31 գյուղական բնակավայրերի համար նախագծվել է 13 կրթահամալիրի ստեղծման ծրագիր, կազմվել տրանսպորտային երթուղիների ցանկ, որոնք պետք է ապահովեն երեխաների տեղափոխումը կրթական կենտրոններ: Պատրաստում են նախագծանախահաշվային փաստաթղթերը. այդ նպատակով հատկացվել է 60 միլիոն դրամ: Կապանի կրթական նոր մոդելի ստեղծման ընդհանուր նախնական արժեքը 9 միլիարդ դրամ է:
Արսեն Միրզոյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Ակտիվ փուլում են նախագծահետազոտական աշխատանքները, առկա շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունների, տարածքի երկրաբանական հետազոտությունների, շենքերի չափագրման աշխատանքները և դրա արդյունքում էլ արդեն նոր նախագծերի մշակման աշխատանքները կշարունակվեն:
8 համայնքում կրթահամալիրները կվերակառուցվեն, 5-ում՝ կկառուցվեն, 5-ից 3-ը՝ կունենան մոդուլային դպրոցներ՝ նախատեսված 100 աշակերտի համար: Կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման քարտեզը կազմվել է Սյունիքի խոշորացված բոլոր համայնքների համար: Կրթահամալիրները կունենան շենքային արդի պայմաններ` ապահովված լաբորատորիաներով, մարզադահլիճներով: Նոր կրթահամալիրներում կկազմակերպվեն նախադպրոցական և հանրակրթական ծառայություններ, կիրականացվեն լրացուցիչ կրթական ծրագրեր`ըստ համայնքների կարիքների: Նոր կրթօջախները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային և սպորտային կենտրոններ:
Ժաննա Անդրեասյան - Դրանով կարողանալու ենք փոխել մթնոլորն այս համայնքներում, մեր երեխաներին առաջարկել կարևորը՝ որակյալ կրթության հնարավորություն հենց իրենց բնակավայրերում, առանց որևէ տեղ գնալու: Կարողանալու ենք ապահովել, որ ստեղծվեն հավելյալ հնարավորություններ զարգացման, աշխատատեղերի: Սա ամբողջական համակարգ է, ունենք համագործակցության պատկերացումներ նաև ոչ ֆորմալ կրթական համակարգը աշխատեցնելու, առաջիկայում այդ ծրագրերը կներկայացնենք:
Քաղաքաշինության կոմիտեի, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը ուսումնասիրել է Սյունիքի բոլոր գյուղերի կարիքները: Կապանի փորձը կիրառելով, 90 բնակավայրի համալիրները կտեղակայվեն 51 համայնքում:
Արսեն Միրզոյան - Երկուշաբթիից նոր ստեղծված աշխատանքային խումբը գործուղվելու է Սյունիք՝ ուսումնասիրելու վիճակը , գնահատցելու են կարիքները, ենթակառուցվածքներ, ջրամատակարարում, կձևավորվեն առաջադրանք կամ կառուցման կամ վերակառուցման մասով, որ հաշվարկելի լինի արժեքը, ներկայացվի կառավարություն:
Ժաննա Անդրեասյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ -59:15 Ունենք բաղադրիչ ուսուցիչնեչի կազմի համալրմանը, ծրագիրն այս ուղղությունն է հասցեագրում, որ ունենանք որակյալ ուսուցիչներ:
Կրթական համալիրների շինարարությունը կտևի մինչև երկու տարի, զուգահեռ կիրականացվեն մնացած աշխատանքները, կբարեկարգվեն միջհամայնքային ճանապարհները: Կգործարկվեն երթուղիներ, հատուկ այդ նպատակով ձեռքբերված մեքենաները կունենան ուղեկցորդներ: Ակնկալվում է՝ 2026-ին Սյունիքի կրթական նոր համակարգն ամբողջությամբ գործարկված կլինի: