Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ մրցանակն է՝ շնորհված Հայաստանի բոլոր բուժաշխատողներին:
Հանս Հենրի Պ. Կլուգեն (ԱՀԿ եվրապական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) - Քովիդ -19-ի ընթացքում հատկապես արտահայտվեց ձեր կատարյալ նվիրվածությունն աշխատանքին: Համավարակը աշխարհի առողջապահական համակարգերի համար փորձաքար դարձավ ու ևս մեկ անգամ ընդգծեց առողջապահական համակարգի դերը մեր կյանքում:
Մրցանակը հանձնելու համար հատուկ էր ընտրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, որը մոտ 2 տարի վերապրոֆիլավորվել ու սպասարկում էր միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին: Եվ միայն հիմա, երբ կորոնաթվերը նվազել են, բուժկենտրոնը պատրաստվում է վերադառնալ բնականոն աշխատանքի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այս երկուսուկես տարիների մարտահրավերի խորքում ձեր օգնությամբ մենք կարողացանք ոչ միայն, մի կողմից, ապահովել մեր քաղաքացիների որակյալ բուժօգնությունը, այլ նաև այսպիսի վերափոխում ապրել: Համավարակի առաջին իսկ ընթացքից հետո պարզ դարձավ, որ մենք կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը, եթե բոլորս միասին լինենք: Դեռ չենք կարող ասել, որ համավարակն ավարտված է, բայց ինչ-որ մի ծանր ընթացք արդեն հետևում է:
Պատվաստումների շնորհիվ արձանագրված հաջողություններից մինչև հեպատիտի վերահսկում: Հայաստանում ընթացող իմունականխարգելման շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարը և միջազգային կառույցների ներկայացուցիչները շրջայց կատարեցին Սուրբ Գրիգոր լուսավորիչ բուժկենտրոնի առաջնային պահպանման օղակում՝ ներկայացրեց պոլիկլինիկայում իրականացվող պատվաստումային գործընթացը:
Կարծում եմ՝ հրաշալի գործ եք անում:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տնօրենն ընդգծեց՝ Քովիդ 19-ի դեմ պատվաստման միջոցով փրկված հարյուր հազարավոր կյանքերն արդեն վկայում են պատվաստման արդյունավետության մասին: Բարձր գնահատեց մեր երկրում իրականացվող աշխատանքը: Նախարարն անդրադարձավ բուժօգնության ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումներին՝ ընդգծելով, որ ծրագրեր են իրականացվում բժշկական կենտրոնների վերազինման ու նորերի կառուցման ուղղությամբ: