20 տարվա մասնագիտական ստաժ ունենալու դեպքում քննիչները կարող են անցնել կենսաթոշակի: Այս նոր սոցիալական երաշխիքը ամրագրվեց վերջերս՝ օրենսդրական փոփոխություններով:
Արսեն Այվազյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Մինչ այս իրավակարգավորումը մենք ունեինք կենսաթոշակային իրավունք, սակայն այդ կենսաթոշակի իրավունքը ծագում էր տարիքով պայմանավորված: Այսինքն՝ անձի 60 տարին լրանալուց հետո էր միայն ծնվում այդ կեսնաթոշակի անցնելու իրավունքը: Իսկ այս նոր սոցիալական երաշխիքով արդեն քննիչները ունենում են կենսաթոշակի երկրորդ իրավական ռեժիմը:
Այսինքն՝ կա կենսաթոշակային իրավունքի երկու ռեժիմ՝ տարիքային և մասնագիտական: Փոփոխությունն ըստ Արսեն Այվազյանի՝ կնպաստի աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճին:
Արսեն Այվազյան - Դա միանշանակորեն կավելացնի հետաքրքրությունը իրավաբանների շրջանում դեպի նախաքննական մարմինները: Եվ մենք էլ այսօր ազդակներ ենք ստանում մեր նախկին գործընկերներից ովքեր դուրս են եկել համակարգից քննչական մարմիններից և աշխատում էին տարբեր մասնավոր ոլորտներում այդ թվում՝ փաստաբանական համայնքում և այսօր արդեն մենք ունենք գործընկերներ նախկին քննիչներ, ովքեր արդեն իսկ ցանկություն են հայտնում վերադառնալու Քննչական կոմիտե և ընդգրկվելու մեր շարքերում»:
Արդեն իսկ այս տարի Քննչական կոմիտեն երկու ընդունելություն է անցկացրել, մայիսին նախատեսում է՝ երրորդ չպլանավորված քննությունը:
Արսեն Այվազյան - 180 անձ՝ իրավաբաններ, դիմեցին մեզ, նրանցից այդ շեմը հաղթահարեցին 47-ը, և շեմը չհաղթահարած մեր գործընկերները, իրավաբանները այսօր էլ ցանկություն են հայտնում կրկին հնարավորություն ընձեռելու իրենց, որպեսզի նորից դիմեն:
Քննչական կոմիտեում այս պահին աշխատում է 715 քննիչ, թիվն առաջիկայում կավելանա, քանի որ որոշ իրավապահ մարմիններում հետաքննիչների հաստիքները կրճատվելու են և փոխանցվելու Քննչական կոմիտե:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան