Երկաթուղին մի ողջ համակարգ է, որի կառավարումն ու անվտանգության ապահովումը բավական բարդ խնդիր են։ Այդ հարցում «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների հետ սերտորեն համագործակցում է նաև ոստիկանությունը։
Ապրիլի 27-ին երկաթուղում անվտանգության հարցերին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողներ։ «Երկաթուղային գծանցներում անվտանգ երթևեկության կազմակերպման» թեմայով միջոցառման ընթացքում հետիոտների ու վարորդների ուշադրությունը սևեռվել է առկա խնդիրների վրա, բաժանվել են տեղեկատվական գովազդային թերթիկներ։ Այս և այլ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ երկաթուղային պատահարների նվազում է արձանագրվել։
Քաղաքացիները շարունակում են անտեսել երկաթգծերը հատելու կանոնները՝ մոռանալով, որ մեքենավարը պարզապես անկարող է կանխել վտանգը։
Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը պատժվում է տուգանքով, սակայն ոչ մի տուգանք էլ չի օգնի, եթե մարդիկ չգիտակցեն խնդրի կարևորությունը։
Նույնիսկ վթարային արգելակման դեպքում գնացքը դեռ շարժվում է մոտ մեկ կիլոմետր, ինչը զրոյացնում է մեքենավարի կողմից վթարը կանխելու հավանականությունը։