Ապրիլի 28-ին Կառավարության նիստին որոշում է կայացվել վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները: Որոշումը կայացվել է արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները:
Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ ռապիդ հետազոտություն իրականացնելու պարտադիր պահանջի:
Մայիսի 1-ից կգործի նաև հանձնուքների ստացման ընդհանուր կարգը՝ վերացնելով շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի ստացման սահմանափակումը:
Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում, հանձնուքներ բերելիս զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերը՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը: