ՆԱՏՕ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային արդեն առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն են տրամադրել՝ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ կառույցը շարունակում է աջակցել Կիևին և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Գլխավոր քարտուղարը պնդել է նաև, որ ՆԱՏՕ-ն տարբերակներ կգտնի՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը դաշինքին միանալու անցումային շրջանում, եթե այդ երկրները կառույցին անդամակցության հայտ ներկայացնեն։
Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնել մայիսին։ Պաշտոնական Մոսկվան նախազգուշացրել է՝ դա բացասաբար կազդի Եվրոպայի հյուսիսում խաղաղության, ինչպես նաև Ռուսաստանի հետ այդ երկու երկրի հարաբերությունների վրա։
ՌԴ-Ն ԲԱՑ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն միայն հավասարության հիմքով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելել՝ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու դիրքորոշումից։
Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Մոսկվայի ներկայացրած առաջարկներին Կիևը դեռ չի արձագանքել, չնայած արդեն 2 շաբաթ է անցել։
«Ուկրաինան պաշտոնապես դուրս չի եկել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացից, սակայն այդ երկրի վարքագիծը մտահոգում է Մոսկվային․ մենք հավատարիմ ենք իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը, պնդել՝ Կիևին չեն հետաքրքրում բանակցությունների շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները։
ԸՆԴԼԱՅՆԵԼ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ
Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ նախագծին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։
«Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։
Խորհրդարանականները կառավարությանը նաև կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի կնքմանը։ Նախագծին դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցությունները:
Կանցլեր Օլաֆ Շոլցը, իր հերթին, նշել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային․ «Բունդեսթագից դրա մանդատը ստացել ենք»,- շեշտել է նա։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային և այլ երկրներին ծանր սպառազինության մատակարարումը սպառնում է եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը մոտակա մի քանի տարվա ընթացքում չի հրաժարվի ռուսական էներգակիրներից, քանի որ այս պահին այլընտրանք գտնելն անհնար է։ Նա հաստատել է՝ Բուդապեշտը դրանց դիմաց կվճարի Մոսկվայի սահմանած վճարման սխեմայով։
«Մենք գազի 85, իսկ նավթի 65%-ը ստանում ենք Ռուսաստանից: Սա զվարճանքի համար չենք անում, մենք չենք ընտրել այս իրավիճակը»,- ընդգծել է Սիյարտոն:
Մոլդովան նույնպես կշարունակի գազ գնել «Գազպրոմից»՝ այլընտրանքային մատակարարումների բարձր արժեքի պատճառով։
«Գազպրոմից» ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։ Նշվում է, որ Լեհաստանի մի շարք շրջաններ արդեն իսկ մնացել են առանց գազի։
Եվրահանձնաժողովից նախազգուշացնում են՝ կառույցը կարող է իրավական ընթացակարգ գործարկել ԵՄ այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են կատարել հակառուսական պատժամիջոցները։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, այնուհանդերձ, հավելել է՝ այդպիսի խախտումներ դեռ չեն նկատում։
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԿՈՒԼՈՒԲԱԵՎ
Ղրղզստանի արտգործնախարար Ժենբեկ Կուլուբաևը հաստատել է, որ Թուրքիան Տաջիկստանին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է մատակարարում։
«Մենք թուրքական կողմին խնդրել էինք զգույշ լինել այս հարցում, քանի որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև առկա խնդիրները դեռ լուծված չեն, խնդրել էինք անօդաչուներ չվաճառել հարևան երկրներին։ Մեզ պատասխանեցին՝ սա բիզնես է»,- ընդգծել է Կուլուբաևը։
Դիվանագետի խոսքով՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցություններ կանցկացնի, երբ ճշտի՝ ինչ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են վաճառվել Տաջիկստանին։
2021 թվականի վերջին Ղրղզստանը հայտարարել էր Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման մասին: