Ապրիլի 27-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացուցիչներն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի բնակիչների հետ: Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում կայացած հանդիպումների ընթացքում քաղաքացիներին ներկայացվել են պարեկային ծառայության գործառույթները, պարեկների վերապատրաստման և ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն:
Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ ամիսներ անց Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն: Եվ այդ ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ներկայացրել են անհրաժեշտ պայմաններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին: Ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը խոսել են իրենց ծառայության առանձնահատկությունների մասին և ցուցադրել ծառայության ընթացքում օգտագործվող տեխնիկան:
Տավուշի մարզի գյուղական համայնքներում հանդիպումների ընթացքում հիմնական հարցերը վերաբերել են համայնքներում ծառայության կազմակերպմանը: Պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզերում գործող ստորաբաժանումների օրինակով ներկայացվել են համայնքներում ծառայության կազմակերպման մանրամասները: Հանդիպումների ընթացքում պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ցանկություն հայտնած քաղաքացիներին տրվել է համապատասխան տեղեկատվություն:
Ամիսներ անց Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն: Պարեկային ծառայության Տավուշի գումարտակում ծառայել ցանկացողները կարող են դիմումները ներկայացնել ոստիկանության կրթահամալիր՝ մինչև ապրիլի 29-ը ներառյալ: