Ուկրաինական ճգնաժամի սկզբից մինչ օրս ոչ մի ռազմանավ չի հատել Բոսֆորի նեղուցը՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ բոլոր կողմերը ժամանակին ծանուցվել են Անկարայի որոշման մասին։
Թուրք նախարարը հավելել է, որ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրիոյի կոնվենցիան առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ «Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի ռազմավարական առճակատման գոտու, հակառակ դեպքում մեզ լուրջ հետևանքներ են սպասվում։ Մենք չպետք է թույլ տանք տարածաշրջանում առճակատման հետագա խորացում»,- ընդգծել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։ Նա հավելել է, որ Անկարան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, և հիշեցրել Թուրքիայի դիրքորոշումը՝ ուղղված Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։
Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ դեռևս հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։ Միաժամանակ Աքարն ընդգծել է մարտական գոտիներից խաղաղ բնակչության տարհանման կազմակերպման կարևորությունը։