ՄՈՍԿՎԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հնարավորությունը՝ հայտարարել է պետքարտուղարը։ «Կասկած չկա՝ ռուսներն ահաբեկում են ուկրաինացիներին։ Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է աջակցել ուկրաինացիներին՝ երկրի տարածքից դուրս մղելու ռուսական ուժերին։ Պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը սկսել է նոր զինատեսակներ տրամադրել Կիևին։
Նա անդրադարձել է նաև հակառուսական պատժամիջոցների արդյունավետության հարցին։ «Մենք կշարունակենք նոր պատժամիջոցներ սահմանել, քանի դեռ Ռուսաստանը կանգ չի առել: Քննարկվում է նավթի էմբարգո սահմանելու հարցը»,- հայտնել է պաշտոնյան՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը լիովին արդարացված է։
Բլինքենը հավելել է նաև, որ Կիևում ամերիկյան դեսպանատան վերաբացման գործընթացը հավանաբար մի քանի շաբաթ կտևի. Վաշինգտոնը մտադիր է ավելի վաղ տարհանված իր դիվանագետներին վերադարձնել նախ՝ Լվով, ապա՝ մայրաքաղաք Կիև։
ԿԻԵՎԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ ԿՍՏԱՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ. ԱՐԵՍՏՈՎԻՉ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտարարել է, որ շուտով Կիևը հզոր զենք կստանա Արևմուտքից։
«Մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ հնարավոր կլինի փոխել ուժերի հարաբերակցությունը»,- նշել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ հուլիսին կատաղի մարտեր են սպասվում:
«Ուկրաինական բանակը ակտիվ հարձակողական գործողություններ կսկսի»,- նախազգուշացրել է Արեստովիչը։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱՄՍԱԿԱՆ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ
Արևմուտքը համաձայնել է ամսական 5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ երկրի մարդասիրական և քաղաքացիական կարիքները հոգալու համար, սակայն այդ օգնության մեխանիզմները դեռ մշակված չեն՝ հայտարարել է ֆինանսների նախարար Սերգի Մարչենկոն։
«Ակնկալում ենք «Մեծ յոթնյակի» երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համատեղ աջակցությունը»,- հավելել է նա։
Պաշտոնյան կոչ է արել Կիևի կարիքների համար օգտագործել նաև Ռուսաստանի սառեցված ակտիվները։
«Ռազմական գործողության յուրաքանչյուր օրն Ուկրաինայում արժենում է 400 մլն դոլար։ Երկրին հասցված ընդհանուր վնասը հարյուր միլիարդավոր դոլարներ է կազմում»,- հավելել է Մարչենկոն։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի հետ փոխկապակցված որոշ ակտիվների բռնագրավման մասին ԱՄՆ վարչապակազմի օրենսդրական նախաձեռնությանը։ Դրանց վաճառքից ստացված հասույթը կհատկացվի Կիևին՝ որպես լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ռազմական։
Օրինագծին կողմ է քվեարկել 417 կոնգրեսական, դեմ՝ 8-ը։ Փաստաթղթում նշվում է, որ կանխարգելիչ միջոցները կիրառվելու են ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ ակտիվների նկատմամբ։ Դրանք կարող են տարածվել նաև ռուսական էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների վրա։
ՄՈԼԴՈՎԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԱԶ ԳՆԵԼ «ԳԱԶՊՐՈՄԻՑ»
Մոլդովան ցանկանում է շարունակել գազ գնել «Գազպրոմից», քանի որ այլընտրանքային շուկաներից օգտվելը շատ ավելի թանկ կարժենա։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։
«Էլեկտրաէներգիայի հարցը բարդ է, կառավարությունը մրցույթ է հայտարարել, սակայն առաջարկները բավարար չեն»,- նշել է նա, հավելել՝ երկիրը շատ ծանր վիճակում է։
«Գազպրոմից» ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է բուլղարական և լեհական ընկերություններին գազի մատակարարումները։
ՌԴ-Ն ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանական Caliber.az կայքը, որի աշխատանքը համակարգվում է նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմից։ Պատճառը Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության լուսաբանման ընթացքում թույլ տրված շահարկումներն են:
Ադրբեջանական կողմն արձագանքել է՝ «Ռոսկոմնադզորի» որոշումը կողմնակալ է և անօրինական։
Ռուսաստանում այժմ արգելափակված է ադրբեջանական ևս 4 լրատվական կայք։