Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել են ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տարածաշրջանային համագործակցության ղեկավար Լիդիյա Քրիստմաննին, KfW գերմանական բանկի տարածաշրջանային տնօրեն Բիրգիտ Հոլդերիդ-Կրեսսին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում` նախարար Հակոբ Սիմիդյանը մեկ անգամ ևս անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջև երկարարմյա արդյունավետ համագործակցության առկայությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի կառավարման և զարգացման, հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ շարունակաբար ներդրումների և աջակցության համար։
Իր խոսքում նախարարն անդրադարձել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրին, որը միտված է Սյունիքի մարզի թվով բնության 7 հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության «EU4Sevan» ծրագրին։ Ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Բնության հատուկ պահպանվող տարածքները ուշադրության կենտրոնում պահելու համար և տեղեկացրել, որ այժմ նախարարությունում սկսվել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և դրանց արդյունքների քարտեզագրման և վերլուծությունների գործընթաց, որը նպատակ ունի առավել հասցեական և արդյունավետ դարձնել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման ընթացում առանձնահատուկ քննարկվել է նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որով կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի։ Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:
Նախարարը ներկայացրել է գույքագրված խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տարվեն ծրագրի շրջանակում։ Ֆինանսական աջակցության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և խոշորագույններից է գլոբալ առումով։
Ելնելով Հայաստանի հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կայուն օգտագործման անհրաժեշտությունից՝ ծրագրի իրականացումն առավել կարևոր է դառնում և կարող է շրջադարձային լինել ոլորտում առկա հիմնախնդիրների հասցեագրման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման որակապես նոր նշաձողի սահմանման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել օժանդակել համատեղ իրականացվող ծրագրերի բարեհաջող ընթացքին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին հանդիպումների միջոցով առավել մանրամասն և կետային քննարկել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը։
Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերի հաջող ընթացքը ամուր հիմք կստեղծի երկկողմ համագործակցությունն ավելի ընդգրկուն դաշտ տեղափոխելու համար, ինչպես նաև իր վճռականությանությունն ու պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը գործադրել շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցությունը նոր, ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։