Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր-տնօրենը, որը հանդես է եկել «Թուրքիան և Հայոց ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:
Միջոցառմանը բացմանն ելույթով հանդես է եկել միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen's Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին՝ պրն. Ռոբերտսոնը նշել է, որ այն կանխամտածված և նախօրոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի՝ Հայերի ցեղասպանությունը մի այնպիսի զահուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով ցեղասպանության մասին նա ընդգծել է, որ ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան: Ռոբերտսոնն ընդգծել է, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը՝ որակելով այն որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»:
Ռոբերտսոնը նմանություններ է անցկացրել Հայոց ցեղասպանության և Հրեաների շոայի միջև՝ արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգևորված լինելով Հայոց ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց հրեաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը, պարոն Ռոբերտսոնը նշել է, որ 30-ից ավելի երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունն, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը ընդգծելով, որ երկու պետությունը չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաև անդրադարձել է «ցեղասպանություն» եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։
Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը` միջոցառման մասնակիցներին: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ և հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաև գիտակրթական և մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծել է, որ «ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել ցեղասպանությունը և, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է և բացարձակապես անընդունելի։
Մյուս կողմից՝ Հայաստանի մեկ այլ հարևանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով և բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ և այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ, ցեղասպանությունից մեկ դար անց էլ, մենք` հայերս, դեռևս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների և զանգվածային սպանդի նոր փորձերի ու սպառնալիքների: Դեսպանը խոսքի ավարտին ներկայացրել է Արա Սարաֆյանին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել հեղինակավոր Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպությանը՝ սեփական հարկի տակ միջոցառումն ընդունելու համար։
Այնուհետև հաջորդել է Blue Book: Evidence of Armenian Genocide վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ. բրիտանական «Բալիստա մեդիա» ընկերությունը նկարահանել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։
Վավերագրական ֆիլմին հաջորդել է միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ Արա Սարաֆյանը վերլուծել և մանրակրկիտ կերպով ներկայացրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը:
Անդրադառնալով Ցեղասպանության կազմակերպանը Արա Սարաֆյանը արձանագրել է, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախօրոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացն եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:
Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին, Արա Սարաֆյանն ընգդծել է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձևով սկսել է առերեսվել Հայոց ցեղասպանության հետ՝ դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն: