ՈՒՍՈՒՑԻՉԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ 400000 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը մայիսի 1-ից 108-125 հազար դրամի փոխարեն կդառնա 200 հազար դրամ: Գործող դրույքաչափի դեպքում նույնիսկ 50 տոկոս հավելումը չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը՝ որոշման նախագիծը ներկայացրեց նախարար Դումանյանը:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Տեսականորեն, գործնականում մինչև 400 հազար դրամ կարող է ստանալ, ունենք նաև տարակարգերի միջոցով աշխատավարձերի ավելացման հնարավորություն:
2018-ին սկսած կրթական բարեփոխումները շարունակվելու են լինել առաջնահերթություն՝ ելնելով համոզմունքից, որ ցանկացած թերություն, սկսած անվտանգությունից մինչև դիվանագիտություն, պետական կառավարում, առնչվում է կրթության ոլորտին, ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում: Մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Թվում էր, թե նախորդ դարի առաջին կեսին այդ խնդիրը հաղթահարվել է, բայց հիմա եկեք առերեսվենք այդ խնդրի հետ:
Ուսուցիչներ կան՝ ստանում են 30 հազար դրամ աշխատավարձ: Վարչապետը համակարգային լրջագույն խնդիր համարեց՝ նշելով՝ ոլորտի բազմաշերտ խնդիրներից առաջնային, օրակարգային են ուսուցիչների վարձատրությունն ու աշխատանքի մրցակցային լինելը: 2021-ին առաջին անգամ իրականացվեց ուսուցիչների կամավոր ատեստավորում, ինչի շնորհիվ մանկավարժների աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Մենք ոչ միայն աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք վարելու, այլ թողնելու ենք ուսուցիչների որոշման տիրույթում: Սա որոշման առաջին հատվածն է, այս տարվանից նախորդ տարի սկսած կամավոր ատեստավորման պրոցեսը շարունակում ենք 5-12-րդ դասարաններում, բոլոր առարկաներից կսկսվի գրանցումը, հետո՝ բուն ատեստավորումը, նոյեմբերից կավարտվի: Հաջորդ փուլերում էլ մյուս ուսուցիչների, բոլոր առարկաների համար ճանապարհ կբացվի, սա նշանակում է, որ բոլորը հնարավորություն կունենան օգտվել այս համակարգից:
Ի դեպ, ատեստավորմանը մասնակցած նույն ուսուցիչները կարող են կրկին մասնակցել գործընթացին: Նոր հայտ ներկայացնելու և ավելի բարձր արդյունք ստանալու դեպքում նրանց աշխատավարձը համապատասխանաբար կբարձրանա: Ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կտրվի մի քանի անգամ՝ շեշտեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Բայց իքս պահի ատեստավորում չանցած ուսուցիչը դպրոցում ուղղակի չի աշխատելու: Կառավարությունը կամ նախարարությունը չի որոշելու, տվյալ ուսուցիչն ինքն է որոշելու՝ աշխատում է, թե չի աշխատում, եթե համապատասխանում է չափանիշներին՝ կաշխատի:
Սյունիքի մարզի համար կրթական ենթակառուցվածքի նոր հայեցակարգը պատրաստ է: Վարչապետի հանձնարարությամբ կսկսվեն նախագծման, շինարարական աշխատանքները: Կկառուցվեն դպրոցներ, մանկապարտեզներ, կստեղծվեն տրանսպորտային ենթակառուցվածքներ:
Նիկոլ Փաշինյան - Սա մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, ուզում եմ գոհունակություն հայտնել, որ այս ճանապարհով գնում ենք առաջ:
Առաջիկայում քննարկումներ կլինեն բարձրագույն կրթության, գիտության օրենքի վերաբերյալ: Բուհական ոլորտում մեծ բարեփոխումների իրականացման քաղաքական որոշումը կայացվել է, Փաշինյանի խոսքով, պետք է որոշել դրա իրականացման լոգիստիկայի հարցը: Վարչապետը սա համարում է պետության զարգացման անկյունաքարային գործընթաց:
Նիկոլ Փաշինյան - Մենք բոլորս հոտնկայս խմել ենք ուսուցիչների կենացը, իրականության մեջ ուսուցիչների թիվը պակասել է, նույնը, ինչ տեղի է ունեցել բանակում, որտեղ ոտքի վրա կենաց ենք խմում, իրականության մեջ հակառակն է, առաջարկում ենք այս պրոցեսը տրանսֆորմացնել: Էդ ոլորտում էլ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում, զինվորական կրթության ոլորտում:
ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԿՀԱՆՎԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Մայիսի 1-ից կհանվի Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը ևս հանվել է: Այն չի գործի նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում: Վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում, այլ վայրերում 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Մեղմացումը պայմանավորված է վերջին 14 օրում քովիդ դեպքերի թվի նվազմամբ: Ըստ նախարարի՝ պատվաստման 1-ին դեղաչափ է ստացել քաղաքացիների 50 տոկոսը, ամբողջական պատվաստում՝ մեծահասակների 44.1 տոկոսը, բուստեր՝ մոտ 50 հազարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Անկախ սահմանափակումների թուլացումից, շարունակելու ենք պատվաստումների խթանումը: Վերջին մեկ շաբաթում պատվաստումների ցուցանիշների աճ ունենք:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ կոչ անել, հորդորել՝ չթուլացնել զգոնությունը, քանի որ հենց այսօր Չինաստանում կան քաղաքներ, որոնք ապրում են լոքդաունի պայմաններում, և ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա:
Ճգնաժամն օգտագործելով՝ խոշոր ներդրումներ են իրականացվել բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման ուղղությամբ: Առաջիկայում դռները կբացեն ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը և մարզային կենտրոններ:
Նիկոլ Փաշինյան - Նման հագեցվածության պետական հիվանդանոց, մենք, ըստ էության, չենք ունեցել: Կարևոր ձեռքբերում է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպներ, որոնք կարևոր են քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար և պրակտիկ կիրառվում են մեր առողջապահական համակարգում:
750 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ
«Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը Երևանին հասցրած մոտ 850 մլն դրամի վնասը հատուցել է: Գործադիրը այդ գումարից 750 միլիոն դրամ հատկացրեց՝ ազդարարելով վաղուց սպասված մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկը: Գումարը կուղղվի նախագծմանը: Փաշինյանի խոսքով՝ կայարանի կառուցումը եղել է 2017-ի Երևանի ավագանու ընտրություններին իրենց նախընտրական ծրագրում: Նախագիծը կիրականացվի 510 օրում՝ 50 միլիոն դոլարով:
Նիկոլ Փաշինյան - Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է՝ մտնում ենք շինարարության փուլ:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Երեք փուլով է նախագիծը լինելու: Այս ֆինանսական միջոցների հաշվին կկարողանանք առաջին երկու փուլը ֆինանսավորել: Միաժամանակ, կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք հիմիկվանից սկսած աշխատել նախագծի երրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հայթայթման վերաբերյալ:
Փաշինյանն անհրաժեշտ համարեց այդ տարածքում հողերի, պետական անշարժ գույքի օտարման համար քաղաքականության մշակումը՝ լրացուցիչ եկամուտներ ներգրավելու, ներդրումները կայարանի շինարարությանն ուղղելու համար: Նախագծով հնարավոր է խթանել այնտեղ վթարային շենքերի հետ կապված նեդրումային ծրագրերը:
Նիկոլ Փաշինյան - Ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:
ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Կստեղծվի մեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատ համակարգ: Այդ նպատակով կհատկացվի ավելի քան 23 մլն դրամ: Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Սեղմված, հեղուկ գազով շահագործվող մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ: Անվտանգության երաշխավորման համակարգի ներդրումը վարչապետը կարևոր համարեց: Նախարար Սանոսյանը հայտնեց, որ ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ:
Նիկոլ Փաշինյան - Տեսախցիկների առաջ հավաքում ենք իքս վայրից իգրեկ վայր, հետո՝ զեթ վայր, կարևոր եմ համարում կոշտ թափոնների կառավարման խնդիրը, աղբը պետք է տեղափոխվի աղբավայր, խիստ հանձնարարական՝ մայրուղիների եզրին չթափեք, պետք է բացառել:
Նախարարի պաշտոնում առաջին անգամ նիստին մասնակցում էր Ռոբերտ Խաչատրյանը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հավաստիացրեց՝ առաջնային խնդիրն է լինելու գերատեսչության արդեն իսկ սկսած ծրագրերն ավարտին հասցնելը: