Հայաստանն ու Հնդկաստանը առաջին անգամ փորձում են գործակցել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում: Օրեր առաջ նախարար Նարեկ Մկրտչյանի` Հնդկաստան այցի ժամանակ ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր: Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարեկան 60 միլիոն մարդ վերապատրաստող Հնդկաստանի «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ստորագրվեց հուշագիր, և այդ հուշագրի շրջանակներում մենք պետք է համատեղ աշխատենք Հայաստանում նմանատիպ ինստիտուտ ներդնելու համար:
Հնդկաստանի փորձը բավականին հետաքրքիր է, ասում է նախարարը: Մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ Հնդկաստանը լավ արդյունքներ ունի: Նման համակարգով հնարավոր կլինի լայնածաված վերապատրաստումներ սկսել: Հիմա պաշտպանության նախարարության հետ համագործակցում են` հասկանալու, թե զինծառայողը զորացրումից հետո ինչով է զբաղվելու:
Նարեկ Մկրտչյան - Առաջին անգամ մենք կկարողանանք այդ թիրախի լայնամասշտաբ կարիքների գնահատում անենք և ուղղորդենք դեպի տարբեր զբաղվածության ծրագրեր: Եթե անգամ աշխատանք չեն գտնի, մենք կկարողանանք նրանց կողմնորոշել, մասնագիտական վերապատրաստման որոշակի հնարավորություններ տրամադրել:
Հուլիսից հանդիպումներ կունենան զորացրված զինծառայողների հետ: Վերապատրաստման ծրագրեր Հայաստանում շատ կան, սակայն դրանք գործում են առանձին-առանձին: Զբաղվածության հարցերով Հնդկաստանում բոլոր պատասխանատու գերատեսչությունները համակարգված են աշխատում: Իսկ հնդիկ գործընկերոջ հետ պայմանավորվել են մի շարք համաձայնագրեր ստորագրել, ասում է Նարեկ Մկրտչյանը: Հայաստանում քիչ չեն հնդիկ աշխատանքային միգրանտները:
Նարեկ Մկրտչյան - Ուղղություններից մեկը կազմակերպված աշխատանքային միգրացիայի համաձայնագրի շուրջ քննարկումներն են, որովհետև գիտեք` Հայաստանում նաև Հնդկաստանից աշխատուժ է ներգրավվում, հիմա էլ կա, ավելի օրինական հարաբերություններ ստեղծելու համար նրանց իրավական խորհրդատվություն տրամադրելուց մինչև անգամ հաճախ ոչ ֆորմալ երևույթները ֆորմալացնելու կարիք:
Հնդկաստանում հեռավար աշխատողների իրավունքները ևս պաշտպանված են: Փորձը կկիրառվի Հայաստանում: Հայաստանի Միասնական սոցիալական ծառայությունը ևս կհամագործակցի Հնդկաստանի համապատասխան ծառայության հետ: Հնդկաստանում հետաքրքրված են Հայաստանի զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով՝ ասում է նախարարը: Մկրտչյանն այցելել է նաև պրոթեզավորման Ջայպուր ֆուտ ընկերություն: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ հնարավոր է` նոր համագործակցություն սկսեն:
Հուշագիր է ստորագրվել Հայաստանում միջազգային գիտաժողով անցկացնելու վերաբերյալ: