Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021 թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի կատարման ընթացքը։
ԵՄ կողմն ընդգծել է իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում և գոհունակություն հայտնել Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունել է խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծել մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։
Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր, ԵՄ-ը պատրաստ է տրամադրելու հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝ համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած հանձնառություններին։
Նշվել է, որ գործընկերության վերջնանպատակն է ապահովել կոնկրետ օգուտներ՝ ի շահ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիների:
Նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի երկարաժամկետ դիմակայունությունը և հանրային ու մասնավոր ներդրումներն օգտագործել որպես լծակ, «կանաչ» և թվային անցմանն աջակցելու նպատակով, ԵՄ-ը կշարունակի սերտորեն աշխատել Հայաստանի և գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ խթանելու Տնտեսական և ներդրումային պլանի և դրա ուղենշային ծրագրերի իրականացումը։
Քննարկելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը իրականացման ընթացքը՝ կողմերը կենտրոնացել են իրավունքի գերակայության, այդ թվում՝ անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի կարևորության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: ԵՄ-ը և Հայաստանը կշարունակեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտային քաղաքականության քննարկումները կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ՝ կրթության ոլորտի ռազմավարության վերջնականացումն ու դրա իրականացումը խթանելու նպատակով։ Գնահատելով ԶԼՄ-ների դաշտում կատարված աշխատանքը ԵՄ-ը միաժամանակ խրախուսել է Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ավելի մեծ ազատություններ ապահովելու ուղղությամբ։
Գործընկերության կոմիտեն դիտարկել է նաև տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում և կլիմայի գործողությունների ուղղությամբ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ իրականացումը: Օդային տրանսպորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021 թ․ դեկտեմբերին: Էներգետիկ ոլորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվել են հետամուտ լինել միջուկային անվտանգության վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը, որը հաստատվել է որպես ԵՄ աջակցությամբ իրականացվող սթրես-թեստերի գործընթացի մաս։ Քննարկման շրջանակներում ամփոփվել է նաև տնտեսական զարգացման, զբաղվածության և կրթության բարեփոխումների ընթացքը: ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին միանալու կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի և շարժունակության ուղղություններով ձեռք բերված առաջընթացին, և ի գիտություն ընդունվել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության հնարավորինս շուտափույթ մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին Գործընկերության կոմիտեն քննարկել է Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Հանդիպումը համանախագահում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։