Ըստ ՊԵԿ-ի բազաների՝ Հայաստանում եղած բոլոր ընկերությունների բոլոր աշխատեղերը միասին 655 հազարի կարգի են։ Այսքան մարդ՝ գրանցված օրինական՝ երկրում չի աշխատել ո՛չ անցած տարի, ո՛չ էլ նախաքովիդային 2019-ին կամ 18-ին։ Ցուցանիշում հիմա էլ ներառված չեն ինչպես ստվերում փող վաստակողները, այնպես էլ անհատ ձեռներեցներն ու տարեկան հաշվետվություն ներկայացնող ֆիզիկական անձինք։ Հաշվարկի հիմքը մեր բոլորիս վարձատրությունից գանձվող եկամտային հարկն է՝ բացատրում են Պետեկամուտների կոմիտեում։ Ի դեպ, մարտին ունեցած աշխատատեղերի քանակը որքան էլ շատ, 4000-ով դեռ զիջում է ամսվա կտրվածքով ամենաբարձր հայտարարված անցած տարվա դեկտեմբերի տվյալին։
Աշխատավարձից բյուջե վճարած եկամտային հարկի չափից ելնելով՝ հնարավոր է գնահատել նաև, թե որքա՞ն գումար է մարդը վաստակում։ Հարկահավաքներն առանձնապես զարմացած չեն, բայց այստեղ մարտին իսկական սենսացիա է գրանցվել:
100 մլն դրամ եկամուտ ստացած և այդ գումարից հարկեր վճարած անձը տեխնոլոգիական մի ընկերության աշխատակից է։ Ոչ միայն քաղաքացու, այլև կազմակերպության անունը չեն ասում։ Ըստ հարկահավաքների աղյուսակների՝ IT-ն ու ֆինանսական ոլորտն են այժմ Հայաստանում ամենաբարձր վարձատրություն ապահովողները։ Նման գերխոշոր չափի եկամուտ մասնավոր ֆիրմայում կարող են վճարել, օրինակ՝ որպես բոնուս՝ մարդու կատարած այս կամ այն գործի, գուցե կնքած շահավետ գործարքի դիմաց: Ամեն ինչ օրենքի սահմաններում է՝ ասում է Արսեն Արզումանյանը։ Միլիոնանոց նման դեպքերի և, առհասարակ, հարկատուների մասին ինֆորմացիան համակարգում էլ է խիստ գաղտնի, կարող են տեսնել միայն որոշ բաժիններում:
Փակ չէ, բայց ամբողջական էլ չէ Հայաստանում փող վաստակելու եկած օտարերկրացիների մասին վիճակագրությունը։ Թվերն այստեղ՝ կապված ռուսների վերջին շրջանում գրանցված ներհոսքի հետ, նկատելիորեն փոխվել են: Ըստ պետռեգիստրի՝ փետրվարի 24-ից հետո ՏՏ ոլորտում 1800 տնտեսվարող սուբյեկտ է գրանցվել, մարտին վարձատրվել է 1000 աշխատող։ Բանն այն է, սակայն, որ մեր երկրում աշխատող արտասահմանցիները կարող են ընտրել՝ հարկերն այստե՞ղ վճարել, թե՞ իրենց հայրենիքում։
Աշխատավորների Մայիսմեկյան տոնին ընդառաջ կատարված վերլուծությունների շարքում՝ ՊԵԿ-ում նաև ուսուցչից ծրագրավորող, հավաքարարից վիրաբույժ, երկրում բաշխվող աշխատավարձերի միջին ցուցանիշի որոշակի աճ են գրանցել։
Նվազագույն աշխատավարձը Հայաստանում՝ 68 հազար դրամ է՝ առանց հարկերի, մաքուր։