Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են իրացրել՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզել են, որ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք են բերել Երևանի երեք բնակչից, որոնցից 2-ը՝ կին։ Երեքն էլ նույն օրը հայտնաբերվել ու, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանություն։
Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկել են նրանց բնակության վայրերը՝ հայտնաբերելով 33 գրամից ավելի մեթամֆետամին, 65 գրամից ավելի հերոին և 2 գրամ մարիխուանա:
Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: