«Արցախ» բացականչություններն այսօր Երևանի տարբեր բուհերում լսեցին: Իրազեկման ակցիայով մի խումբ երիտասարդներ ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց պայքարին: Պնդեցին՝ համաձայն չեն իշխանության՝ Արցախի հարցում տարվող քաղաքականության հետ, ի նշան բողոքի էլ Արցախի դրոշը տեղադրեցին բուհերի դիմաց:
Հյուսիսայինից սկսեցին, հասան Բժշկականի մոտ, վառեցին գունավոր ճայթռուկներն ու փակեցին Աբովյան փողոցը: Ոստիկանությունը բացեց երթևեկությունը՝ բերման ենթարկելով մասնակիցներին:
Ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին՝ ժամը 18-ի դրությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածերից 39 քաղաքացի է բաժին տեղափոխվել, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել:
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ այսօր տարբեր խմբերով մարզերում են: Փաշինյանի հրաժարականի պահանջով Ապարանից, Սարդարապատից, Տիգրանաշենից ու Իջևանից «Դիմադրություն» շարժման անդամները գալիս են Երևան՝ կոչ անելով միանալ պայքարին, իրենց խոսքով` հանուն արժանապատիվ կյանքի:
Երևանում էլ Հանրապետական կուսակցության անդամներն ու համակիրներն էին փողոց դուրս եկել, պահանջը վարչապետի հրաժարականն է: «Սա պայքար է, որտեղ չկան կուսակցություններ, ներքին շահեր, կա մեկ նպատակ՝ ինքնիշխան Հայաստան»,- հայտարարեցին ու քայլերթով միացան Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին:
Միասնության կոչով «Պատիվ ունեմ»-ի ղեկավարը սկսեց քայլերթը, որն այսօր էլ անցավ կենտրոնական փողոցներով: Եվս երկու օր, ու պայքարը նոր փուլ կմտնի, հայտարարեց Արթուր Վանեցյանը, նա հավաքվածներին խնդրեց չհիասթափվել ու հավատալ սեփական ուժերին: Բայց թե ինչ է սպասվում առաջիկայում՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը դեռ չբացահայտեց:
Ոստիկանությունից «Լուրեր»-ին նաև փոխանցեցին` «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակվելու փաստի առթիվ խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրգործ, նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեին:
Մարտիրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ ուշ երեկոյան Լեոյի փողոցով անցնելով` հանդիպել է ցույց անող քաղաքացիների, որոնք հայհոյել ու քաշքշել են իրեն, շշեր շպրտել իր կողմ: