Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին:
«Հարգելի՛ գործընկերներ, մենք մի հարց հիմա պիտի քննարկենք, որն ի սկզբանե ենթադրում էր, որ պիտի ունենա Կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին: Հիմա Կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: Պարզապես մենք պետք է այս մասին խոսենք և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք: Դուք գիտեք, որ վաղուց քննարկվում են Երևան մայրաքաղաքում մետրոյի «Աջափնյակ» կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Այս հարցն ընդգրկված է եղել 2017 թվականին մեր նախընտրական ծրագրում, երբ մասնակցել ենք Երևանի ավագանու ընտրություններին: Ահա մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի արդեն մշակվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ:
Հիմա ինչո՞ւ պիտի լիներ Կառավարության որոշում, և ինչո՞ւ Կառավարության որոշմամբ մենք դա չենք անում: Խնդիրն այն է, որ, իհարկե, Կառավարությունը պիտի ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի հատուցում է տեղի ունեցել: Եվ քննարկումների արդյունքում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ առաջին փուլով այդ գումարի 750 մլն դրամն ուղղել այդ նպատակին: Քրեական գործը վերաբերում է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2021 թ. արդեն պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ: Ըստ քաղաքապետի՝ նախագիծը կիրականացվի 510 օրում կամ գուցե ավելի շուտ: «Նախագիծն ընդհանուր առմամբ երեք փուլով է լինելու: Ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու: Միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք արդեն սկսել աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Ենթադրում եմ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, պլանավորենք, որպեսզի կարողանանք նախագիծն ավարտելուց հետո շինարարության մեկնարկ տանք: Այս պահի դրությամբ մետրոպոլիտենում նույնպես խնդիրներ ունենք՝ տարիների ընթացքում կապիտալ ներդրումներ, որպես այդպիսին, չեն իրականացվել: Կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի նաև այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ի՛նչ աղբյուրներ են հնարավոր, որպեսզի ընթացիկ կայարաններում տարբեր տեխնիկական խնդիրները նույնպես լուծենք, վերազինենք»,- ասել է քաղաքապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է՝ մետրոն անցում է կատարելու Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվելու դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն: