Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքի արդյունքների ամփոփումը:
Քննարկմանը ներկա էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությունը և ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների աշխատակիցները:
Ապրիլի 26-27-ն իրականացված նախնական վարժանքը հնարավորություն տվեց ստուգել հայկական ՔՈՓ թիմի կարողությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և դրա հիման վրա հնարավորություն ստանալ 2022 թվականի սեպտեմբերի 1-4-ը մասնակցել որոնողափրկարարական վերաորակավորմանը:
Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը և գործակալության մյուս անդամները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքը: Քննարկման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին բացթողումները, արվեցին առաջարկություններ հետագայում դրանք ուղղելու նպատակով:
Դեյվիդ Սոխորի խոսքով՝ կան տեխնիկական խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն, սակայն դրանք ազդեցություն չունեցան ընդհանուր գործընթացի վրա:
ՓԾ տնօրենի տեղակալն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և վստահեցրեց, որ հաշվի կառնվեն բոլոր նկատառումները և կվերացվեն թերությունները: