«Բալթյան տուն» թատրոն-փառատոնը հյուրախաղերով Հայաստանում է: Հայ թատերասերներին «ուրախության վիտամին» կփոխանցեն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից։ Երկար տարիներ Երևանի ռուսական թատրոնը մասնակցում է «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին։ Այս տարի նաև ընդունում է հյուրերի։
Մարիաննա Մխիթարյան (Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն) - Այս տարի ևս մեր թատրոնը մասնակցեց երկու ներկայացումով՝ Նորա Գրիգորյանի և Կարեն Ներսիսյանի։ Ներկայացումները մեծ հաջողություն ունեցան Սանկտ Պետերբուրգում:
Ապրիլի 28-ին և 29-ին «Բալթյան տունը» «Մեծ հյուրախաղեր» ծրագրով կներկայացնի դասական և ժամանակակից գործեր:
Սերգեյ Շուբ («Բալթյան տուն» թատրոն-փառատոնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ) - Բոլորի կողմից սիրված «Դուշեչկան»՝ Չեխովի հրաշալի ստեղծագործությունը, դասական է, որը միավորում է համաշխարհային և հայկական մշակույթները: «Ինչի մասին են խոսում կանայք և տղամարդիկ» ներկայացումը ժամանակակից կատակերգություն է։ Մեր օրերում առանց հումորի շատ բարդ կլինի։ Ինչպես ասում են՝ թատրոնը պետք է փոխանցի կյանքին պակասող վիտամինները։
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչը մինչև հայ հանդիսատեսի հետ հանդիպումը պատմում է Երևանից ստացած իր տպավորությունների մասին։
Վալերի Սոլովյով («Բալթյան տուն» թատրոն-փառատոնի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ) - Աստված իմ, որքան լավ է ձեզ մոտ, ինչ գեղեցիկ քաղաք է, ինչ հրաշալի մարդիկ են։ Ես հիացած եմ, ունեմ դեռ երկու օր՝ ճանաչելու Հայաստանը, այն իմ մեջ ներքաշելու, այս օդը շնչելու։
Երկու երկրների թատրոնների ներկայացուցիչները հույս ունեն շարունակել գործակցությունը։ Շուտով 4 հայ դերասան կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող ամառային դպրոցին։
Հեղինակ՝ Անի Ավագյան