Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։
«Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։
Խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրմանը։
Որոշմանը դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցություն քաղաքական ուժերը: