ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ:
Ա. Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է 2020 թվականի արցախյան պատերազմի սանձազերծման, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու և բռնի անհետացման դեպքերը։
Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների մասին՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության առաջին իսկ օրերից, համագործակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ՝ ապահովելով նաև հիշյալ կառույցի կողմից բարձրացված բոլոր հարցերի հրատապ արձագանքն ու պատշաճ աջակցության ցուցաբերումը՝ մասնավորապես տեղեկատվության փոխանակման ասպարեզում:
Քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը կարևորել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով՝ նախաքննությամբ հաստատված թվով 205 անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած 777 անձանց որոնողական աշխատանքների խնդիրը։
Առաջնահերթությունների շարքում ներկայացվել է ներկայում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև բռնի անհետացած անձանց կարգավիճակի հստակեցմանը վերաբերող խնդիրները։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկայացրել է պատվիրակության կողմից 2020 թվականի արցախյան պատերազմից հետո իրականացված և նախատեսվող գործընթացների, ռազմական գործողությունների վայրերում կատարվող որոնողական աշխատանքների առանցքային ուղղությունները, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոլորտում նախաքննական մարմնի հետ շփումների հիմնական դրսևորումներն ու համագործակցության շրջանակները:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել ադրբեջանական կողմից հաստատված գերիների հետ տեսակցությունների և վերջիններիս հարազատների հետ կապի ապահովման, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների կատարման և տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև քննարկված հարցերի մասով հետագա արդյունավետ և շարունակական փոխգործակցության, վերջինիս ուղղությունների առավել ընդլայնման շուրջ՝ մասնավորապես կարևորելով գերեվարման փաստերի, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կազմակերպումն ու ցանկալի արդյունքների ապահովումը: